Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պատվիրակությունը Շվեդիայում ծանոթացել է թվային ծառայությունների և ՏՏ համակարգերի ներդրման փորձին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորած պատվիրակությունը «Միգրացիայի կառավարման և ինտեգրման ամրապնդում․ Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Շվեդիայի Թագավորությունում էր։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից: Այցի հիմնական նպատակը Շվեդիայի Միգրացիոն գործակալության կողմից իրականացվող թվային ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի զարգացման, ներդրման և կառավարման փորձին ծանոթանալն ու այդ գործընթացներն ապահովող մեխանիզմներն ուսումնասիրելն էր։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը և Շվեդիայի Միգրացիոն գործակալության գլխավոր տնօրեն Մարիա Մինդհամարը նախանշելով «Միգրացիայի կառավարման և ինտեգրման ամրապնդում․ Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնություն» ծրագրի առաջիկա չորս տարիների համագործակցության հիմնական ուղղությունները՝ միջոցառման մասնակիցներին մաղթել են արդյունավետ աշխատանք։ Այցի ընթացքում քննարկվել են թվային ծառայությունների և ՏՏ համակարգերի կայուն զարգացման և կառավարման հարցեր, միգրացիոն կառավարման ոլորտում անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության ապահովման մեխանիզմները, ՏՏ աջակցության և ծառայությունների կառավարման արդյունավետ կազմակերպման փորձը, փաստաթղթերի ստուգման և վավերականության ապահովման գործընթացները, արխիվային և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերը, ԵՄ միգրացիայի և ապաստանի նոր քաղաքականություններին առնչվող հարցեր։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը հանդիպում է ունեցել նաև Շվեդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի հետ։ Քննարկվել են նոր կենսաչափական համակարգի ներդրման համատեքստում դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ծառայությունների կազմակերպման գործընթացներին վերաբերող հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14861

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով