Խաղաղություն չենք հաստատում, հետո ի՞նչ ենք անում

Հայաստանի քաղաքական դաշտում հաճախ հնչում է կտրուկ մի միտք։ Այս Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ։ Այդ համոզմունքը հիմնազուրկ չէ՝ պատերազմը, Արցախի հայաթափումը, Հայաստանի տարածքի նկատմամբ ուժի կիրառումը, գերիների խնդիրը և Բաքվի շարունակվող կոշտ հռետորաբանությունը խորը անվստահություն են ստեղծել։ Բայց անվստահությունը միայն արձանագրում է խնդիրը։ Պետությունը պետք է նաև իմանա՝ ինչպես է նվազեցնում այդ վտանգը և ինչ է կառուցում դրա փոխարեն։ Եթե խաղաղությունը մերժվում է, անմիջապես առաջանում է գլխավոր հարցը։ Հետո ի՞նչ ենք անում։ Այստեղ արդեն պահանջվում է հստակ ռազմավարական հաշվարկ։ Պետք է հասկանալ՝ ինչով ենք կանխում նոր պատերազմը, ինչպես ենք ուժեղացնում երկրի պաշտպանությունը, ինչ արտաքին հենարաններ ենք ստեղծում և ինչ գին է ունենալու երկարատև հակամարտությունը Հայաստանի համար։ Մերժումը ինքնին դեռ քաղաքականություն չէ։ Այն իմաստ է ստանում միայն այն դեպքում, երբ պարզ է՝ ինչ է գալիս դրանից հետո։ Պատերազմն ու խաղաղությունը բարոյական կատեգորիաներ չեն՝ պետության համար դրանք ռեսուրսների, ժամանակի, ուժերի հարաբերակցության և արտաքին միջավայրի հաշվարկ են։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ ծանր պատերազմներից հետո երկրները ընտրել են հարաբերությունները կարգավորելու ճանապարհը։ Ֆրանսիան և Գերմանիան դրան հասան երեք պատերազմից հետո։ Ֆինլանդիան նոր հարաբերություններ ձևավորեց Խորհրդային Միության հետ տարածքային մեծ կորուստներից հետո։ Եգիպտոսը խաղաղության պայմանագիր ստորագրեց Իսրայելի հետ երկար հակամարտությունից և հազարավոր զոհերից հետո։ Այս որոշումները անցյալից հրաժարում չէին։ Դրանք փորձ էին թշնամանքը պահել վերահսկելի սահմաններում և նվազեցնել նոր պատերազմի հավանականությունը։ Հայաստանի համար հարցը շատ կոնկրետ է։ Եթե խաղաղության գործընթացը մերժվում է, պետք է հստակ ասվի՝ ինչ է առաջարկվում դրա փոխարեն։ Ինչպե՞ս ենք կանխում նոր պատերազմը։ Ի՞նչ ուժերով։ Ո՞ւմ հետ։ Ի՞նչ ժամկետում։ Ի՞նչ գնով։ Որքա՞ն երկար կարող է երկիրը ապրել փակ սահմանների, մշտական ռազմական լարվածության և սահմանափակ հաղորդակցությունների պայմաններում։ Ի՞նչ է լինելու Թուրքիայի հետ հարաբերությունների և տարածաշրջանային կապերի ապագան։ Սրանք երկրորդական հարցեր չեն։ Սրանք հենց այն հարցերն են, որոնք որոշում են՝ մերժումից հետո կա՞ ռազմավարություն, թե՞ միայն շարունակվող անորոշություն։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնեցված տեքստը։ Այն ամրագրում է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից հրաժարումը և ուժի կիրառման բացառումը։ Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվի և վավերացվի։ Այսինքն՝ գործընթացն ավարտված չէ։ Առջևում մնում են քաղաքական, իրավական և անվտանգային բարդ հարցեր, իսկ փոխադարձ անվստահությունը դեռ մեծ է, բայց հենց այստեղ է գլխավոր հարցը՝ եթե այս ճանապարհը մերժվում է, պետք է պարզ լինի՝ ինչով է այն փոխարինվում։ Խաղաղության պայմանագրից հրաժարվելով Հայաստանն ավելի անվտանգ չի դառնալու։ Իհարկե, Ադրբեջանին վստահելու հիմքերը չկան, բայց պետությունները պայմանավորվում են ոչ թե վստահության, այլ շահերի պատճառով։ Պայմանագիրը պետք է հստակեցնի պարտավորությունները, սահմանափակի ուժի կիրառման հնարավորությունը և այն խախտելու դեպքում քաղաքական գին ստեղծի։ Խաղաղության պայմանագիրը բարեկամության փաստաթուղթ չէ։ Այն հակամարտությունը ավելի կառավարելի դարձնելու միջոց է։ Հայաստանի խնդիրը Բաքվին հավատալը չէ։ Խնդիրը սեփական անվտանգությունն ու շահերը այնպիսի համակարգում ամրագրելն է, որը կնվազեցնի պատերազմի և ճնշման ռիսկը։ Այս հաշվարկն ունի նաև տնտեսական կողմ։ TRIPP-ը Հայաստանին կապում է նոր տարածաշրջանային հաղորդակցությունների հետ՝ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Բայց այստեղ կարևորն անցնող ճանապարհը չէ միայն։ Կարևորն այն է, որ նոր կապերը Հայաստանում ստեղծեն ներդրում, արտադրություն, աշխատատեղեր և տնտեսական նոր հնարավորություններ։ Սա խաղաղության օգտին քարոզ չէ։ Սա Հայաստանի հնարավորությունների ու ռիսկերի հաշվարկ է։ Տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական քարտեզը փոխվում է։ Նոր ճանապարհներ են ձևավորվում, առևտրի ուղղություններ են փոխվում, արտաքին ուժերի ներգրավվածությունն է մեծանում։ Այս պայմաններում Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ տեղ է ուզում զբաղեցնել ձևավորվող նոր համակարգում։ Եթե խաղաղության պայմանագիրը մերժվում է, պետք է ցույց տալ, թե այդ որոշումը ինչ լրացուցիչ անվտանգություն է տալիս Հայաստանին։ Եթե հաղորդակցությունների ապաշրջափակումը դիտվում է որպես վտանգ, պետք է ներկայացնել փակ սահմաններով զարգացման իրատեսական մոդելը։ Քննադատությունը համոզիչ է միայն այն դեպքում, երբ դրանից հետո պարզ է նաև հաջորդ քայլը։ Եթե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ ճանապարհ է, պետք է հստակ ցույց տալ՝ ինչ այլ համակարգ է Հայաստանին ավելի անվտանգ դարձնելու առաջիկա տասը կամ քսան տարում։ «Չի կարելի»-ն դեռ քաղաքականություն չէ։ Պետությունը չի կարող երկար ապրել մշտական անորոշության մեջ՝ անցյալի կորուստների և նոր պատերազմի վտանգի միջև։ Անվտանգությունը միայն բանակը չէ՝ այն նաև ուժեղ տնտեսություն է, արդյունավետ դիվանագիտություն, վստահելի գործընկերներ, կենսունակ ենթակառուցվածքներ և հնարավորինս կանխատեսելի սահմանային միջավայր։ Այս ամենը պետք է աշխատի նույն նպատակի համար։ Խաղաղության պայմանագիրն էլ ինքնին լուծում չէ։ Ստորագրությունը չի վերացնում Ադրբեջանի ռազմական առավելությունը, չի վերադարձնում կորցրածը և չի փակում գերիների ու պատերազմի հետևանքների հարցերը։ Դրա արժեքը այլ տեղ է։ Այն կարող է Հայաստանին տալ ավելի կանխատեսելի միջավայր, ժամանակ՝ սեփական ուժերը մեծացնելու համար, ավելի լայն արտաքին կապեր և նոր պատերազմի վտանգը նվազեցնելու հնարավորություն։ Փոքր պետության համար ժամանակը երբեմն նույնքան կարևոր է, որքան ռազմական ուժը։ Այն հնարավորություն է տալիս վերականգնել կարողությունները, ամրացնել տնտեսությունը, ընդլայնել դիվանագիտական կապերը և մեծացնել դիմադրողականությունը։ Հայաստանը երկար տարիներ շատ է խոսել պատմական արդարության և քիչ՝ երկարաժամկետ պետական հաշվարկի մասին։ Իսկ այսօր գլխավոր հարցը հենց դա է՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ տասը կամ քսան տարի հետո և ինչ ճանապարհով ենք հասնելու այդտեղ։ Խաղաղության գործընթացը կարելի է կոշտ քննադատել։ Պայմանագրի յուրաքանչյուր դրույթ պետք է գնահատել Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ շահերի տեսանկյունից։ Բաքվից եկող որևէ պահանջ չպետք է ընդունվի առանց այդ չափման։ Բայց նույն խստությամբ պետք է գնահատել նաև մերժումը։ Լավ։ Հետո ի՞նչ ենք անում։ Հենց այս հարցի պատասխանն է ցույց տալիս՝ ունենք ռազմավարություն, թե միայն մերժում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14930

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով