Աշնանը ցերեկային ժամերի կրճատումը կարող է ազդել մարդու ինքնազգացողության, աշխատունակության և տրամադրության վրա։ Տյումենի պետական բժշկական համալսարանի մասնագետ Դենիս Գուբինի խոսքով՝ աչքի լուսազգայուն բջիջներն ուղեղին փոխանցում են օրվա լուսավորության մասին տեղեկությունը, ինչն ազդում է մարդու կենսաբանական ժամացույցի վրա։ Արևի ավելի վաղ մայր մտնելու դեպքում կարող են փոխվել մելատոնինի արտադրությունն ու քնի ռեժիմը՝ առաջացնելով քնկոտություն, հոգնածություն և տրամադրության անկում։ Մասնագետը խորհուրդ է տալիս օրվա առաջին կեսին հնարավորինս շատ ժամանակ անցկացնել բնական լույսի ներքո և զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Բնական լույսի պակասի դեպքում կարող են օգտագործվել հատուկ լուսային լամպեր, սակայն դրանց ընտրության և օգտագործման ժամանակ կարևոր է հաշվի առնել մի շարք գործոններ։ Գիտնականի խոսքով՝ վիտամին D-ն և մագնեզիումը չեն կարող փոխարինել բավարար քնին, բնական լույսին և ֆիզիկական ակտիվությանը։ Իսկ եթե հոգնածությունը, տրամադրության անկումը կամ քնի խանգարումները պահպանվում են մոտ երկու շաբաթ և խանգարում առօրյային, անհրաժեշտ է դիմել բժշկի։



