Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը նախատեսվում է երկարացնել մինչև 2031 թվականը, իսկ հաջորդ փուլում՝ մինչև 2036-ը։ Այդ ծրագրի հիմնական աշխատանքները շարունակելու է «Ռոսատոմը»։ Այսպիսով, Հայաստանը ստանում է ոչ միայն ևս մի քանի տարվա կայուն ատոմային էներգիայի արտադրություն, այլև կարևոր ժամանակ՝ առանց շտապելու որոշելու, թե ինչ տեխնոլոգիայով և ում հետ է կառուցելու իր հաջորդ ատոմակայանը։ Այս երկարաձգումը Հայաստանի էներգետիկ կայունության համար այսօր անհրաժեշտ քայլ է։ ՀԱԷԿ-ը շարունակում է մնալ երկրի էներգետիկ համակարգի կարևոր հենարաններից մեկը, և դրա աշխատանքի երկարաձգումը պետք է հիմնվի բացառապես անվտանգության ու մասնագիտական հաշվարկի վրա։ Բայց այս փուլում ամենակարևորն է չխառնել երկու տարբեր որոշումներ։ Գործող ատոմակայանի կյանքը երկարացնելը մի որոշում է, նոր ատոմակայան կառուցելը՝ բոլորովին ուրիշ։ Առաջինը վերաբերում է առաջիկա տասնամյակին։ Երկրորդը կարող է կանխորոշել Հայաստանի էներգետիկ և արտաքին քաղաքական հնարավորությունները կես դարով։ Հենց այդ պատճառով պետք է բացառել ամենավտանգավոր սցենարը՝ գործող բլոկի սպասարկումը կամ շահագործման երկարաձգումը կապել նոր ատոմակայանի կառուցման իրավունքի հետ։ Ռուսական կողմը բնականաբար ցանկանում է պահպանել իր դիրքը հայկական միջուկային էներգետիկայում։ «Ռոսատոմն» ունի փորձ, մասնագետներ, գործող ենթակառուցվածքի իմացություն։ Այս ամենը պետք է գնահատվի։ Բայց այդ առավելություններից ոչ մեկը չի ստեղծում նոր ատոմակայանի նկատմամբ նախնական իրավունք։ Ատոմակայանի ընտրությամբ երկիրը ընտրում է ոչ միայն տեխնոլոգիա, այլև երկարաժամկետ գործընկեր։ Այդ որոշումը տարիներով ձևավորում է վառելիքի, սպասարկման, ֆինանսավորման և անվտանգության ամբողջ համակարգը։ Հայաստանը նման երկարաժամկետ կախվածությունների փորձ արդեն ունի։ Գազի համակարգը, երկաթուղին և մի շարք ռազմավարական ակտիվներ ժամանակին փոխանցվել են հիմնականում տնտեսական հաշվարկով։ Տարիների ընթացքում պարզ դարձավ, որ այդ որոշումները նաև քաղաքական ազդեցության կայուն լծակներ են ստեղծել։ Նոր ԱԷԿ-ի դեպքում այդ սխալը կրկնել չի կարելի։ Այստեղ առավել զգայուն հարցը գործող Մեծամորի սպասարկումն է։ Եթե դրա երկարաձգման և սպասարկման իրավունքը փաստացի կապվի ապագա նոր ատոմակայանի կառուցման հետ, Հայաստանը մի որոշմամբ կարող է ամրագրել երկու երկարաժամկետ կախվածություն։ Ռուսական VVER ռեակտորների հետ աշխատելու փորձ ունեն նաև ամերիկյան և եվրոպական ընկերությունները։ Այդ փորձը տարիներ շարունակ կիրառվել է Բուլղարիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Սլովակիայում, Հունգարիայում և Ուկրաինայում՝ վառելիքի դիվերսիֆիկացման, անվտանգության արդիականացման, շահագործման և տեխնիկական ապահովման տարբեր ուղղություններով։ Ուստի գործող ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը ինքնին չի պահանջում ապագա նոր կայանի կառուցման իրավունքը նույն ռուսական գործընկերոջը տալ։ Այդ երկու հարցերի կապակցումը կնվազեցնի Հայաստանի ընտրության հնարավորությունը դեռ մինչև նոր ԱԷԿ-ի վերաբերյալ ռազմավարական որոշում կայացնելը։ Նոր ատոմակայանի ընտրությունը պետք է անցկացվի միջազգային մրցակցության պայմաններում։ Ռուսական, ամերիկյան, եվրոպական կամ այլ առաջարկները պետք է գնահատվեն նույն չափանիշներով՝ գին, կառուցման ժամկետ, վարկային պայմաններ, վառելիքի արժեք, սպասարկում, թափոնների կառավարում, սեյսմիկ անվտանգություն, տեխնոլոգիայի փոխանցում և մատակարարի փոփոխության հնարավորություն։ Այս ցանկում քաղաքական ռիսկը նույնպես պետք է գնահատվի առանձին տողով։ Փետրվարին Հայաստանն ու ԱՄՆ-ը ավարտեցին խաղաղ միջուկային համագործակցության 123 համաձայնագրի շուրջ բանակցությունները և ստորագրեցին այդ մասին համատեղ հայտարարություն։ Ամերիկյան կողմը բաց խոսեց նաև փոքր մոդուլային ռեակտորների և երկարաժամկետ միջուկային համագործակցության հնարավորության մասին։ Այսինքն՝ Երևանն այսօր ունի այն, ինչ երկար տարիներ գրեթե չուներ՝ ընտրության հնարավորություն։ Այդ հնարավորությունը կորցնելը ռազմավարական սխալ կլինի։ Նոր ատոմակայանի ընտրության հիմքում պետք է լինեն Հայաստանի անվտանգությունը, տնտեսական հաշվարկը և հնարավորինս լայն ընտրության պահպանումը ապագայի համար։ Գործող Մեծամորի շահագործման երկարաձգումը կարող է լուծել այսօրվա խնդիրը, բայց չպետք է կանխորոշի վաղվա որոշումը։ Նոր կայանը տասնամյակներով կապելու է երկիրը տեխնոլոգիայի, վառելիքի, սպասարկման և ֆինանսավորման որոշակի համակարգի հետ։ Ուստի 2036-ը պետք է դիտել որպես ժամանակ՝ տարբերակները համեմատելու, կախվածությունները նվազեցնելու և ավելի ուժեղ դիրքից որոշում ընդունելու համար։ Հայաստանին պետք է այնպիսի որոշում, որը կապահովի կայունություն այսօր և չի սահմանափակի երկրի ընտրությունը վաղը։



