Հոկտեմբերի 4-ին նախատեսված է Արարատ Միրզոյանի այցը Թեհրան։ Իրանի ԱԳՆ-ն այն ներկայացրել է որպես Հայաստանի և Իրանի միջև շարունակվող երկխոսության հերթական փուլ՝ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգով։ Այցը կարևոր է հատկապես այս պահին։ Հարավային Կովկասում նոր ճանապարհների, տնտեսական նախագծերի և արտաքին ներգրավվածության շուրջ ձևավորվում է նոր հավասարակշռություն։ Այդ փոփոխություններն անմիջապես առնչվում են և՛ Հայաստանին, և՛ Իրանին։ Թեհրանում նախատեսված հանդիպումների հիմնական նպատակը երկու երկրների շահերը նոր տարածաշրջանային պայմաններին համապատասխանեցնելն է՝ հասկանալով, թե ձևավորվող տնտեսական ու քաղաքական համակարգում Հայաստանը և Իրանը ինչ դեր կարող են ունենալ։ TRIPP-ի ինստիտուցիոնալացումից հետո այս հարցը նոր կշիռ է ստացել։ TRIPP-ն արդեն միայն ճանապարհային նախագիծ չէ։ Խոսքը երկաթուղային, էներգետիկ և թվային կապերի ամբողջ համակարգի մասին է, որը հետագայում կարող է ընդգրկել նաև նոր ենթակառուցվածքներ։ Երևանի համար սկզբունքը հստակ է՝ ցանկացած նոր հաղորդակցություն պետք է գործի Հայաստանի ինքնիշխանության, օրենսդրության և լիարժեք պետական վերահսկողության ներքո։ Այս հաշվարկում TRIPP-ը Հայաստանի համար առանձին նախագիծ չէ՝ այն պետք է միանա ավելի լայն հաղորդակցային ցանցի, որը երկիրը կապում է միաժամանակ Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ ուղղություններին։ Իրանի համար այս փոփոխություններն անմիջական նշանակություն ունեն։ Հայաստանի հարավը Թեհրանի համար Կովկասով դեպի Սև ծով և ավելի լայն շուկաներ դուրս գալու կարևոր ուղիներից է։ Իրանի տնտեսական մեկուսացումը, տարածաշրջանային մրցակցությունը և տարանցիկ ճանապարհների նկատմամբ աճող հետաքրքրությունն այս կապը դարձնում են ավելի արժեքավոր։ Հայաստանի համար էլ Իրանը պարզապես հարևան չէ։ Իրանի հետ կապը Հայաստանի համար հնարավորություն է՝ իր աշխարհագրական դիրքը վերածելու տարանցիկ նշանակության, տնտեսական կապերի և ավելի լայն տարածաշրջանային դերակատարության։ Այս մոտեցումն արդեն մտել է պաշտոնական օրակարգ։ Հուլիսի 30-ին Արարատ Միրզոյանի և Իրանի փոխարտգործնախարար Համիդ Ղանբարիի հանդիպմանը ենթակառուցվածքային, էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը ներկայացվեցին որպես հայ-իրանական հարաբերությունների ռազմավարական հիմքերից մեկը։ Շեշտվել է նաև նոր հաղորդակցությունների դերը՝ երկու երկրների կապն ավելի լայն տնտեսական և տարածաշրջանային համակարգի մեջ ամրացնելու համար։ Այս հարաբերությունների տնտեսական հիմքը նույնպես զգալի է։ 2025 թվականին հայ-իրանական առևտրաշրջանառությունը հասել է շուրջ 768 միլիոն դոլարի։ Երկու երկրներին կապում են նաև երկարաժամկետ էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրեր՝ գազ–էլեկտրաէներգիա փոխանակումից մինչև Հյուսիս–Հարավ ճանապարհ և իրանական մասնակցությամբ իրականացվող շինարարություն։ Այս կապերը հարաբերություններին տալիս են արդեն գործնական և ռազմավարական խորություն։ Իրանի համար հարցը շատ ավելի լայն է, քան Սյունիքով անցնող նոր հաղորդակցությունը։ Ավելի կարևոր է այն համակարգը, որը ձևավորվելու է դրա շուրջ՝ ներդրումներ, ենթակառուցվածքներ, նոր շուկաներ և տարանցիկ կապեր։ Իրանի համար առանցքային է, թե նոր տարածաշրջանային համակարգում որքանով կպահպանվեն և կուժեղանան իր տնտեսական ու տարանցիկ հնարավորությունները։ Երևանի համար կարևոր է, որ նոր հաղորդակցային համակարգը Իրանում չընկալվի որպես իր դերի նվազեցում։ Հակառակը՝ այն պետք է նաև Թեհրանին տա նոր տնտեսական և տարանցիկ հնարավորություններ։ Այդ դեպքում TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանային ավելի լայն կապերի մաս և ոչ միայն առանձին աշխարհաքաղաքական նախագիծ։ Այս համատեքստում հետաքրքիր է նաև Նյու Յորքի վերջին դիվանագիտական ժամանակագրությունը։ Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները, համատեղ ծրագրերը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Մեկ այլ մակարդակում Թեհրանը ակտիվ շփում է ունեցել նաև Բաքվի հետ․ սեպտեմբերի 22-ին Աբբաս Արաղչին Նյու Յորքում հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու Հարավային Կովկասի անվտանգությունը։ Նյու Յորքից հետո Միրզոյանի այցը Թեհրան ավելի ուշագրավ է դառնում։ Այն հնարավորություն է տալիս նախարարների մակարդակով մանրամասն քննարկել հենց այն հարցերը, որոնք այսօր ամենազգայունն են հայ-իրանական հարաբերություններում՝ TRIPP-ը, տարածաշրջանային հաղորդակցությունները, Իրանի տնտեսական մասնակցությունը և Հարավային Կովկասում ձևավորվող նոր հավասարակշռությունը։ Իրանը զուգահեռ աշխատում է Երևանի և Բաքվի հետ՝ փորձելով պահպանել իր տեղը Հարավային Կովկասի փոխվող համակարգում։ Հայաստանի համար այստեղ առանցքայինը սեփական տարածքով անցնող կապերի բազմազանությունն է։ Արևելք–Արևմուտք ուղղությունը կարևոր է, բայց իրական տարանցիկ կշիռը մեծանում է այն ժամանակ, երբ դրան միանում է նաև Հյուսիս–Հարավ կապը։ Այդ հանգույցում Իրանը Հայաստանի համար ստանում է առանձնահատուկ նշանակություն։ Պարսից ծոցից դեպի Սև ծով և եվրոպական շուկաներ կապի գաղափարը տարիներ շարունակ մնացել է դիվանագիտական փաստաթղթերի ու ենթակառուցվածքային ծրագրերի մակարդակում։ Նոր իրավիճակը հնարավորություն է տալիս դրան տալ ավելի գործնական բովանդակություն։ Հայաստանը կարող է կապել իրանական ուղղությունը Վրաստանի, Սև ծովի, Թուրքիայի, Ադրբեջանի և Կասպից ծովից այն կողմ բացվող ուղիների հետ։ Սա Հայաստանի արտաքին քաղաքականության ավելի լայն փոփոխության մի մասն է։ Երկար տարիներ երկրի անվտանգության ու տնտեսության կարևոր հատվածներ կապված էին Մոսկվայի հետ։ Այսօր ձևավորվող քաղաքականությունը հիմնվում է տարբեր ուղղությունների միաժամանակյա աշխատանքի վրա՝ ամերիկյան ներդրումներ, եվրոպական շուկաներ, իրանական էներգետիկ և առևտրային կապեր, վրացական նավահանգիստներ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հնարավոր հաղորդակցություններ և Կենտրոնական Ասիայից եկող բեռնահոսքեր։ Այս ցանցի իմաստը կախվածությունները բազմազանեցնելն ու Հայաստանի աշխարհագրական դիրքն ավելի լայն տնտեսական արժեքի վերածելն է։ Այսպիսի համակարգում Հայաստանի անվտանգությունը ուժեղանում է նաև տնտեսական փոխկախվածությամբ։ Որքան շատ երկրներ շահագրգռված լինեն Հայաստանի տարածքով անցնող կապերի անխափան աշխատանքով, այնքան ավելի մեծ կլինի Հայաստանի կարևորությունը տարածաշրջանային հաշվարկներում։ Միրզոյանի՝ Թեհրան նախատեսված այցի հիմնական իմաստը հենց այստեղ է։ Երևանն ու Թեհրանը պետք է հասկանան, թե ինչպես կարող է Իրանը տեղավորվել Հայաստանի շուրջ ձևավորվող նոր հաղորդակցային համակարգում և ինչ շահ կարող են երկու երկրները ստանալ այդ վերադասավորումից։ Հայաստանի համար Իրանի դերն այստեղ առանձնահատուկ է։ Եթե իրանական կապը դառնա այդ ցանցի լիարժեք մաս, Հայաստանը կարող է ոչ միայն սպասարկել առանձին տարանցիկ ուղի, այլ ձևավորվել որպես մի քանի ուղղություններ միացնող տարածաշրջանային հանգույց։



