ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Super Intelligence Force (SIF) նոր կառույցի ստեղծման մասին։ Հայտարարությունը նա հրապարակել է Truth Social-ի իր էջում։ Թրամփի խոսքով՝ որոշումը հաջորդում է «Սպիտակ տան պատմական համաձայնագրին» (White House Accord on Super Intelligence), որի շրջանակում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները հաստատել են ամերիկացի ժողովրդի հանդեպ իրենց պատասխանատվությունը։ Super Intelligence Force-ի առաքելությունը կլինի համակարգել ԱՄՆ դաշնային կառավարության ջանքերը՝ ապահովելու համար, որ Միացյալ Նահանգները շարունակի առաջատար դիրք զբաղեցնել Super Intelligence-ի ոլորտում։ Նոր կառույցը համակարգելու է դաշնային կառավարության համագործակցությունը սպառողների, հանրային շահերի պաշտպանության խմբերի, կրոնական կազմակերպությունների, կարևոր ենթակառուցվածքների մատակարարների և Super Intelligence-ի (խմբ.-խոսքը արհեստական բանականության մասին է) ոլորտում գործող ընկերությունների հետ։ Super Intelligence Force-ը կգլխավորեն Ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը, Առևտրի դաշնային հանձնաժողովի նախագահ Էնդրյու Ֆերգյուսոնը, Պատերազմի նախարարության հետազոտությունների և ճարտարագիտության հարցերով փոխնախարար և տեխնոլոգիաների գլխավոր տնօրեն Էմիլ Մայքլը, ինչպես նաև Անձնակազմի կառավարման գրասենյակի տնօրեն Սքոթ Կուպորը։



