ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը և դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում դպրոցական նոր ավտոբուսների գործարկմանը։ Ծրագիրն առաջին փուլում ընդգրկում է 5 բնակավայր՝ ապահովելով երեխաների տեղափոխումը նորակառույց դպրոցներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ ծնողների պատշաճ և ամբողջական իրազեկումը՝ երթուղիների, չվացուցակների, վարորդների և փոխադրումների կազմակերպման ու անվտանգության պայմանների վերաբերյալ։ Հանձնարարվել է ծրագրի իրականացումը պահել մշտական ուշադրության կենտրոնում՝ ապահովելով նաև ծնողների հետ շարունակական հաղորդակցությունը։ Անդրադարձ է կատարվել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է ներկայացնել գործընթացի կազմակերպման ժամանակացույցը՝ ապահովելով նախատեսվող աշխատանքների պատշաճ պլանավորումն ու սահմանված ժամկետների պահպանումը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում ԿԳՄՍ նախարարության և ենթակա կառույցների մասնակցության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել նախարարության ներգրավվածության ձևաչափին, նախատեսվող միջոցառումներին և տաղավարային ներկայացվածությանը։ Ժաննա Անդրեասյանը պատասխանատու ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։



