Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Քենիայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում էբոլա վիրուսով հիվանդացության առաջին դեպքը. հիվանդը գտնվում է մայրաքաղաք Նայրոբիում։ Այս մասին հաղորդում է քենիական Kenyans լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ադեն Դուալեի հայտարարությունը։ «Առողջապահության նախարարությունը հասարակայնությանը տեղեկացնում է այն մասին, որ հաստատել է էբոլա վիրուսով (բունդիբուգյո շտամ) հիվանդացության առաջին բերովի դեպքը», – հայտարարել է Դուալեն։ Նրա խոսքով՝ հիվանդը վերջին յոթ տարում ապրել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ), որտեղ շուրջ մեկ ամիս առաջ իր մոտ ի հայտ են եկել հիվանդության ախտանիշներ։ Նա բուժում է ստացել ԿԴՀ-ի մի քանի հիվանդանոցում, ինչից հետո Ուգանդայի տարածքով ուղևորվել է Քենիա: Նախարարի տվյալներով՝ հիվանդը ինքնաթիռով Նայրոբիի Ջոմո Քենիատայի անվան միջազգային օդանավակայան է ժամանել հոկտեմբերի 3-ին, ժամը 13:10-ին. ինքնաթիռում եղել է 23 ուղևոր։ Սանիտարական և անձնագրային ստանդարտ ստուգումներն անցնելուց հետո ազգականներն ու ընկերները նրան ավտոմեքենայով տեղափոխել են Նայրոբիի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան անհապաղ մեկուսացրել են առանձին հիվանդասենյակում։ Հիվանդն ավելի ուշ մահացել է։ Այսօրվա դրությամբ էբոլայի նոր՝ բունդիբուգյո շտամի դեմ պաշտոնապես լիցենզավորված պատվաստանյութ և բուժում գոյություն չունեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15143

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով