Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ճարտարապետության համաշխարհային օրը Հայաստանի ճարտարապետների պալատում նշվել է ճարտարապետների պարգևատրմամբ և ցուցահանդեսի բացմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև ճարտարապետներ և ուսանողներ։ Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրի ներդրման համար։ «Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին», քանի որ այն, ինչ ստեղծվում է ճարտարապետական մտքի արդյունքում, դառնում է մեր պատմությունը, ձևավորում մեր այսօրվա և վաղվա միջավայրը»,-նշել է Եղիազար Վարդանյանը: Նրա դիտարկմամբ՝ այսօր աշխարհում ճարտարապետական օրակարգի առանցքում են մարդակենտրոնությունը, կանաչ ճարտարապետությունը, թվային տեխնոլոգիաների ինտեգրումը։ «Այս միտումներին համահունչ Քաղաքաշինության կոմիտեն նախանշում է առաջնահերթությունների օրակարգ, որն իրագործելու համար անհրաժեշտ են մրցունակ գաղափարներ առաջարկող և արդի թվային տեխնոլոգիաներին տիրապետող ճարտարապետներ»,-ընդգծել է կոմիտեի նախագահը, այնուհետև մասնագիտական տոնի առթիվ մի խումբ ճարտարապետների շնորհել կոմիտեի «Ալեքսանդր Թամանյան», «Մոմիկ ճարտարապետ», «Տրդատ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։ Ճարտարապետներին շնորհավորել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը՝ հանձնելով համապատասխանաբար ԿԳՄՍՆ մեդալ և Երևանի քաղաքապետի պատվոգիր։ Մեդալ շնորհելու հնարավորություն է ունի արդեն նաև Հայաստանի ճարտարապետների պալատը։ Պալատի առաջին մեդալները ստացել են վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը և Աշոտ Ալեքսանյանը։ Պարգևները հանձնել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։ Գործընկերներին շնորհավորել է նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը։ Ճարտարապետների տոնը հատկանշվել է Հայաստանի ճարտարապետների պալատի կազմակերպած «Հուշարձաններ և քաղաքային բնապատկերներ» խորագրով ճարտարապետների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ։ Ճարտարապետության համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15151

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով