Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել։ Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով բնակելի շենք է ոչնչացվել, որի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 5 մարդ, ևս 26-ը վիրավորվել է, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին X հարթակում գրառման մեջ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ռուսական հրթիռով խոցված հինգհարկանի բնակելի շենքի փլատակներում կարող են մարդիկ լինել. փրկարարները շարունակում են աշխատանքները։ Նա հավելել է, որ ռուսական հրթիռային հարվածներից վնասվել է ևս հինգ բազմաբնակարան շենք Դնեպրում և չորս բարձրահարկ շենք Կրեմենչուգում։ «Ցավոք, երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել», – ասել է Զելենսկին։ Իր գրառման մեջ նա նշել է նաև Կիևում երկու, Ալեքսանդրիայում՝ ևս երկու զոհի մասին։ «Ընդհանուր առմամբ, այս գիշեր հարձակումների են ենթարկվել Կիևի և 12 շրջանների ենթակառուցվածքները», – ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա հիշեցրել է, որ ռուսական բալիստիկան «մնում է ամենամեծ մարտահրավերը»։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի ուղղությամբ այսօրվա հարձակման ժամանակ օգտագործվել է 70 հրթիռ, դրանցից շատերը՝ բալիստիկ, ինչպես նաև «Շահեդ» ԱԹՍ-ներ, որոնց միայն մի մասն է խոցվել։ «Վերջին 24 ժամվա ընթացքում մեր զինվորները հարվածել են չորս թիրախի, որոնք օգնում են Ռուսաստանին ֆինանսավորել և վարել իր դաժան պատերազմը», – մեկ այլ գրառման մեջ նշել է Զելենսկին։ Այս թիրախների թվում նա նշել է Պերմի երկրամասի, Սամարայի և Աստրախանի մարզերում գտնվող երկու նավթային օբյեկտների և փորձարկման հրապարակի հարվածելու մասին։ Նաև տեղեկություններ են հաղորդվել, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան ռուսական բանակն օդային հարված է հասցրել Զապորոժիեի տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտին։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տարբեր մարզերի երկնքում հոկտեմբերի 7-ի գիշերը խոցվել է 311 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ըստ ռուսական կողմի՝ Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում ՌԴ ուժերը թիրախավորել են «Ֆլամինգո» հրթիռների համար նախատեսված բաղադրիչներ արտադրող և պահեստավորող օբյեկտը։ Բելգորոդի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։ Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում քվադրոկոպտերային անօդաչու թռչող սարքով հարվածել են տրակտորի, որի հետևանքով զոհվել է 40-ամյա տրակտորիստը։



