Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո

Ֆրանսիան դադարեցրել է աշակերտական բողոքի ակցիաները վերահսկելու համար լուսաձայնային նռնակների կիրառումն այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին 15-ամյա դեռահասը նման նռնակի պայթյունի հետևանքով զրկվել է ձեռքից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ պահանջել է ժամանակավորապես դադարեցնել լուսաձայնային նռնակների կիրառումը, մինչև պարզաբանվեն հոկտեմբերի 5-ին Լանս քաղաքում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Միջադեպի վերաբերյալ ցուցարարներն ու պաշտոնյաները հակասական տեղեկություններ են ներկայացնում։ Իշխանությունները հայտնել են, որ 15-ամյա տղան վերցրել է ոստիկանների նետած նռնակը, որն այնուհետև պայթել է նրա ձեռքում, սակայն աշակերտները պնդում են, որ նռնակն անմիջապես դիպել է նրան այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը նետել է այն։ Ըստ տեղի պաշտոնյաներից մեկի՝ իրավապահները բախվել էին 200-250 աշակերտի հետ, որոնք քարեր և հրավառ նյութեր էին նետում։ Մի շարք խմբեր դժգոհություն են հայտնել՝ պնդելով, որ ոստիկանությունը դեռահասների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառում։ Միևնույն ժամանակ, բողոքի ակցիաները շարունակվում են։ Հոկտեմբերի 7-ին ամբողջությամբ կամ մասնակիորեն փակ է մնում ավելի քան 500 դպրոց։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն նախատեսում է երեկոյան ելույթ ունենալ՝ անդրադառնալով դպրոցականների բողոքի ակցիաներին։ Հոկտեմբերի 6-ին հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ դպրոցներում պայմանների բարելավման պահանջով։ Մի շարք քաղաքներում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է 488 մարդ, իսկ անվտանգության ուժերի 43 ներկայացուցիչ վիրավորվել է։ Բողոքի շարժումն ավագ դպրոցների աշակերտներից տարածվել է նաև նրանց ծնողների, համալսարանների ուսանողների և արհմիությունների շրջանում։ Ակցիաները սկսվել են սեպտեմբերի 17-ին։ Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները բողոքում են ուսուցիչների հաճախակի բացակայություններից, ուսումնական օրվա չափազանց երկար տևողությունից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից և կրթական համակարգի հետ կապված այլ խնդիրներից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15195

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով