Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Նրանց թվում կա 4 երեխա։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին։ Վիրավորների թիվը հասել է 50-ի։ 15 մարդու հաջողվել է փրկել, այդ թվում՝ մեկ երեխայի։ Փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարվածներից ոչնչացել է 5-հարկանի բնակելի շենք։ Կրեմենչուգում վիրավորների թիվը հասել է 33-ի, նրանց թվում կա երեխա։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հոկտեմբերի 7-ին ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կրեմենչուգին ռուսական հարվածների հետևանքով վնասվել է 4 բազմաբնակարան շենք։ Հարվածների հետևանքով նաև զոհվել էր 2 մարդ։ Զելենսկին նաև հաստատել է, որ Սոչիի ափերին նավթատար լցանավին հարվածել են ուկրաինական ուժերը։ «Այս 24 ժամվա ընթացքում մեր զինվորները հարվածներ են հասցրել չորս թիրախի, որոնք օգնում են Ռուսաստանին ֆինանսավորել և վարել իր դաժան պատերազմը», – ասվում է Telegram-ում Զելենսկու գրառման մեջ։ Այդ թիրախների թվում նա նշել է երկու նավթային օբյեկտ և մեկ զորավարժարան՝ Պերմի երկրամասում, ինչպես նաև Սամարայի և Աստրախանի մարզերում։ «Կա նաև պատասխան Սև ծովում», – գրել է Ուկրաինայի նախագահը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ թիրախ է խոցվել ծովում։ ՌԴ-ն հայտնել է, որ Սև ծովի ջրատարածքում տեղի է ունեցել «Աֆրամաքս Ռիո» լցանավի բռնկում։ Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։



