Ուկրաինայի Գերագույն ռադա է ներկայացվել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հունգարական համայնքի լեզվական և կրթական իրավունքներն ընդլայնող հրատապ օրինագիծ։ Սա վերջին ամիսների քաղաքական լարվածությունից հետո Կիևի և Բուդապեշտի միջև հարաբերությունների ջերմացման ազդանշան է: Ակնկալվում է՝ օրենքի ընդունումը կարող է վերջ դնել Վիկտոր Օրբանի պաշտոնավարման տարիներից ձգվող սառը հարաբերությունների դարաշրջանին, որը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհին: Սեպտեմբերին Պետեր Մադյարի գլխավորած Հունգարիայի նոր կառավարությունը հրաժարվել էր մասնակցել Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած «Կարպատյան ինտեգրացիոն նախաձեռնությանը» և չեղարկել էր հունգարական MOL-ի ու ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև համատեղ նավթամբարների կառուցման համաձայնագիրը: Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան այդ քայլերը որակել էր որպես Վիկտոր Օրբանի «տապալման և մեկուսացման» քաղաքականության շարունակություն, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո կողմերի միջև հռետորաբանությունը փոխվել է: Հունգարիայի ԱԳ նախարար Անիտա Օրբանը չի բացառել, որ Բուդապեշտը կարող է վերանայել իր դիրքորոշումը և միանալ տարածաշրջանային նախագծին:



