Yandex Go-ն Հայաստանում նշում է 10-ամյակը․ անվտանգ ընթացք և նոր նախագծեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Ծառայությունը հայկական շուկա է մտել 2016 թվականին՝ իր Yandex Taxi ծառայությամբ։ Այժմ ներկայացված է 13 ծառայությունների ընդարձակ էկոհանակարգով։ Ընկերության 10-ամյակին նվիրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը ներկայացրեց անցած ուղու հիմնական արդյունքներն ու առաջիկա զարգացման տեսլականը: Yandex Armenia-ի մատուցած ծառայություններն ընդգրկում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրման պատվերների թվային հարթակից մինչև սննդի առաքման, ինքնագլորների ու լիցքավորիցների վարձակալման հարթակ, սմարթ քաղաքային լուծումներ, ինչպես նաև մեդիա պրոդուկտներ՝ Kinopoisk, Yandex Books, Yandex Music։ Ընդլայնվել է նաև ուղևորությունների ընտրությունը․ հասանելի են միջքաղաքային երթերը, իսկ ULTIMA պրեմիալ ուղևորությունների դասում, որը մեկնարկել է 2025 թվականին, հասանելի են ուղղաթիռի պատվերը, 2026-ից՝ օդապարիկով զբոսաշրջային թռիչքները։ 2025 թվականին Yandex Go-ն մոտ 400 մլն դրամ է ներդրել ուղևորությունների անվտանգության ապահովման համար: Անվտանգության համակարգը ներառում է վարորդի ինքնության, փաստաթղթերի և ամրագոտիների ստուգում, ինչպես նաև երթուղուց շեղումների, երկարատև կանգառների ու հնարավոր վթարների մշտադիտարկում: Հավելվածից կարելի է կապվել աջակցության թիմի հետ, զանգահարել շտապ ծառայություններին կամ երթուղով կիսվել մտերիմների հետ։ Վարորդն ու ուղևորը միմյանց զանգում են վիրտուալ համարների միջոցով՝ առանց անձնական հեռախոսահամարները տեսնելու։ Ուղևորության ընթացքում ապահովագրված են վարորդի և ուղևորի կյանքն ու առողջությունը։ Գործընկերների ավտոպարկերի թարմացման ուղղությամբ իրականացված աջակցության շնորհիվ միայն 2025 թվականին 430 էլեկտրոմոբիլ է սկսել պատվեր կատարել Yandex Go-ով։ Անդրադառնալով քաղաքային տեղաշարժին` Արամ Մխիթարյանը խոսել է քարտեզների մասին։ Ներկայացված տվյալներով՝ Yandex Maps-ով միայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմվել է 54 միլին երթուղի։ Հավելվածում կարելի է հետևել հասարակական տրանսպորտի տեղաշարժին, ստանալ երթուղու քայլ առ քայլ ուղղորդում և իրական ժամանակում կիսվել գտնվելու վայրով։ Վարորդների համար հասանելի է նաև դպրոցներին մոտենալու մասին զգուշացումը։ Քննարկվող հաջորդ լուծումը լուսացույցի ազդանշանի փոփոխությանը մնացած ժամանակը ցուցադրելն է։ Մխիթարյանի խոսքով՝ դա կարող է օգնել վարորդին պլանավորել ընթացքը, իսկ ծառայությանը՝ ավելի ճշգրիտ գնահատել խցանումները։ Yandex Armenia-ի գործունեությունն ունի շոշափելի տնտեսական ազդեցություն: Ընկերության ծառայություններից ամսական օգտվում է ավելի քան 1.1 միլիոն մարդ, իսկ գեներացված տրանզակցիաները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 1.3%-ը: Երկրի տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 10%-ը եկամուտ է վաստակում ընկերության պլատֆորմների միջոցով: 2025 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 9,5 մլրդ դրամ։ Այս գումարը ներառում է Yandex Armenia-ի ծառայությունների հարկերը, ինչպես նաև 3,4 մլրդ դրամ պետական տուրք՝ Yandex Go ծառայության միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների արտոնագրերի համար։ Տուրքը պահվում է ավտոմատ կերպով, ինչը պարզեցնում է գործընթացը վարորդների համար․ նրանք անհրաժեշտություն չունեն ինքնուրույն հաշվարկել և փոխանցել այն։ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ընկերությունը ՏՏ ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն է։ Ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը պատմեց նաև տեղական տաղանդների զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների մասին: Մոտ օրերս կազդարարվի ML School Armenia-ի բացման մասին։ Դպրոցը պատրաստելու է մեքենայական ուսուցման և ԱԲ ոլորտներում բարձրակարգ մասնագետների։ Իսկ Yandex Armenia Accelerator-ի միջոցով աջակցում են տեխնոլոգիական ձեռնարկատերերին և փոքր թիմերին՝ ռեսուրսների ու մենթորության միջոցով։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում սկսել նաև ռոբոտ-առաքիչների փորձարկումը: Yandex Armenia-ն Դուբայում գլխամաս ունեցող Yango Group միջազգային տեխնոլոգիական խմբի մաս է։ Խումբը գործում է աշխարհի հինգ տարածաշրջանի ավելի քան 35 երկրում և զարգացնում ավելի քան 20 տեխնոլոգիական ծառայություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15314

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով