Իսլանդիա և Հունաստան կատարած այցերից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև կանգառ է կատարել Պորտուգալիայում, որտեղ հանդիպել է վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի և արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Ռուբիոն Պորտուգալիան բնութագրել է որպես իդեալական դարպաս՝ ամերիկյան ՏՏ ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու տեսանկյունից՝ շնորհիվ լավ զարգացած ցանցի։ Պորտուգալիայում ամերիկյան ներդրումների ծավալը գերազանցել է 20 միլիարդ դոլարը։ Բացի այդ, երկիր այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շարքում ամերիկացիները զբաղեցրել են երրորդ տեղը։ Մարկո Ռուբիոյի այցը ցույց է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմի վճռականությունը՝ վերափոխելու եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները՝ նրանցից պահանջելով պաշտպանական ոլորտում ավելի մեծ ինքնավարություն և միաժամանակ առաջարկելով խորը տնտեսական ու տեխնոլոգիական ինտեգրում՝ ի պատասխան Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի կողմից ստեղծված գլոբալ մարտահրավերների։



