Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկման արդյունքում պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Թրամփն այս մասին ժամեր առաջ գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ «Ես հենց նոր ավարտեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չափազանց հաջող քննարկումը, որի ընթացքում համաձայնեցվեց, որ Ռուսաստանն անմիջապես ամերիկյան և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, իսկ անմիջապես դրանից հետո՝ մեկ միլիոն տոննա։ Բացի այդ, կախված իրենց դիզելային վառելիքի վերամշակման գործարանների վիճակից, Ռուսաստանն այնուհետև կարճ ժամանակահատվածում կմատակարարի երեք միլիոն տոննա դիզելային վառելիք»,– գրել է ԱՄՆ նախագահը։ Թրամփի գնահատմամբ՝ այդ մատակարարումները և Հորմուզի նեղուցի նկատմամբ, իր բնորոշմամբ, ԱՄՆ-ի «լիակատար վերահսկողությունը» կնպաստեն դիզելային վառելիքի գների արագ նվազմանը։ Նա ընդգծել է, որ ամերիկացիների, հատկապես ֆերմերների, անասնապահների և բեռնատարների վարորդների համար գների նվազեցումն իր համար առաջնահերթություն է։ ԱՄՆ նախագահը գրառումը եզրափակել է հայտարարությամբ, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15405

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով