Բրազիլիայում հատուկ նշանակության ուժերը վնասազերծել են մի տղամարդու, ով մանկապարտեզում պատանդ էր վերցրել 13 երեխայի, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ հարձակվողը զինված է եղել դանակով և ատրճանակի նմանակով։ Նա նաև դյուրավառ հեղուկ է լցրել տարածքում և սպառնացել հրկիզել շենքը։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ տղամարդը տառապել է շիզոֆրենիայով և երեք ժամ տևած դիմակայության ընթացքում անհոդաբաշխ խոսել է։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Բրաս թաղամասում գտնվող քաղաքային նախադպրոցական հաստատությունում։ Հարձակվողը բարձրացել է ցանկապատի վրայով, մտել շենք և փակվել ներսում՝ իր հետ պահելով 4-ից 5 տարեկան երեխաների մի խմբի։ Շենք մտնելիս նա նամակ է գցել, որի բովանդակությունն այժմ ուսումնասիրվում է քննիչների կողմից։



