Ամուլսարի ծրագրի իրականացումը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են գործել կողք կողքի՝ չխանգարելով միմյանց և չխաթարելով բնությունը։ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին նվիրված միջոցառմանը այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Ուզում եմ շեշտել, որ սա շատ լավ հնարավորություն է Ամուլսարի գործընկերների, ընդերքօգտագործման ոլորտի պատասխանատուների, մեզանից յուրաքանչյուրի համար՝ ցույց տալու, ապացուցելու, որ հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը կարող են աշխատել իրար կողքи՝ չխանգարելով մեկը մյուսին և չխաթարելով բնությունը։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հենց այս պատկերն էլ ունենալու ենք»,– նշեց Խուդաթյանը։ Նախարարն անդրադարձավ նաև հանքավայրի շահագործմամբ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հարակից բնակավայրերի համար բացվող հնարավորություններին։ «Սա առաջին հերթին բավական բարձր վարձատրվող հազարավոր աշխատատեղեր են, համայնքներին կայուն մասհանումներ են, որոնք էականորեն փոխելու են հանքավայրի հարակից բնակավայրերի դիմագիծը»,- ընդգծեց նա։ Խուդաթյանի խոսքով՝ ծրագրի տնտեսական ազդեցությունը զգալու են նաև հանքավայրից հեռու բնակվող քաղաքացիները։ Նա ակնկալվող փոփոխությունները կապեց հարկային մուտքերով ֆինանսավորվող դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների, այլ խոշոր ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերի հետ։ Նախարարը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և անփորձանք աշխատանք։



