Այսօր Ամուլսարում տրվեց ոսկու հանքի շահագործման պաշտոնական մեկնարկը։ Հանքի բացումը Հայաստանի վերջին երկու տասնամյակների ամենավիճահարույց տնտեսական ծրագրերից մեկի հանգուցալուծումն է։ Տարիներով ձգված դիմադրությունը, բնապահպանական փորձաքննությունները, քաղաքական խոստումները և ներդրողների հետ բախումները հանգեցրին մի որոշման, որի հետևանքները Հայաստանը կրելու է տասնամյակներ շարունակ։ Հոկտեմբերի 10-ը կարող է դառնալ հանքի նոր պատմության սկիզբը։ Ամուլսարի հանքի շահագործման որոշումը բացահայտում է Հայաստանի զարգացման պատկերացումների խորքային հակասությունը։ Պետությունը շարունակում է տնտեսական աճի հույսը կապել ընդերքի հարստությունների հետ՝ բավարար առաջնահերթություն չտալով բնության պահպանությանը, մարդկանց առողջությանը և այն երկարաժամկետ հետևանքներին, որոնց հետ ապրելու են հաջորդ սերունդները։ Ամուլսարի պատմությունը սկսվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, շարունակվել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և հասել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Փոխվել են քաղաքական առաջնորդները, ներդրողները, սեփականության կառուցվածքը, կառավարության հիմնավորումները։ Հանքի շուրջ կասկածներն ու դիմադրությունը պահպանվել են։ Նախկին իշխանությունների օրոք ծրագրի նկատմամբ արտոնյալ վերաբերմունքի և քաղաքական ու գործարար շրջանակների փոխկապակցվածության մասին հարցադրումները տարիներ շարունակ ուղեկցել են Ամուլսարին։ Դրանք պահանջում էին սեփականության կառուցվածքի և փոխկապակցված շահերի ամբողջական բացահայտում։ Հայաստանի հանքարդյունաբերության պատմությունը հանրությանը բավարար հիմքեր է տվել անվստահությամբ վերաբերվելու իշխանությունների որոշումների հիմքում ընկած տնտեսական շահերին։ 2018 թվականի հեղափոխությունը փոխեց նաև Ամուլսարի քաղաքական նշանակությունը։ Բնապահպանական շարժումը դարձել էր հանրային ընդվզման ամենաակտիվ բաղադրիչներից մեկը։ Ջերմուկի բնակիչների և բնապահպանների պայքարը մարմնավորում էր պետությունից հաշվետվողականություն պահանջելու նոր իրավունքը։ Հանքի ճանապարհների շրջափակումը նոր իշխանությանը կանգնեցրեց սկզբունքային ընտրության առաջ՝ որքանով էր այն պատրաստ իր քաղաքական որոշումներում հաշվի առնել հեղափոխության ընթացքում ձևավորված հանրային պահանջներն ու բնապահպանական մտահոգությունները։ Տարիներ անց նույն հեղափոխության առաջնորդի կառավարությունն ընդունեց հանքի շահագործումը շարունակելու ճանապարհը։ Այս շրջադարձը պահանջում էր հասարակության հետ շատ ավելի ազնիվ խոսակցություն։ 2019 թվականին կառավարության պատվերով իրականացված ELARD և TRC միջազգային փորձագիտական ուսումնասիրությունը բացահայտեց ծրագրի բնապահպանական գնահատումների էական թերություններն ու անորոշությունները, մասնավորապես՝ թթվային դրենաժի, ջրերի աղտոտման կանխատեսումների և մաքրման համակարգերի արդյունավետության հարցերում։ Միաժամանակ ուսումնասիրությունը Ջերմուկի ջերմային աղբյուրների հետ ստորերկրյա ջրերի ուղղակի կապ չէր հայտնաբերել, իսկ Սևանի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ ներկայացրել էր ավելի սահմանափակ գնահատականներ։ Իշխանությունները շեշտեցին հանգստացնող եզրակացությունները։ Բնապահպանները մատնանշեցին չլուծված խնդիրները։ Իշխանությունը քաղաքական որոշում կայացրեց՝ այդպես էլ չփարատելով գիտական գնահատականների շուրջ եղած հիմնավոր կասկածներն ու հանրային մտահոգությունները։ Ջերմուկի հարցում հատկապես անհանգստացնող է տնտեսական հաշվարկի միակողմանիությունը։ Հայաստանը հանքի հարևանությամբ ունի միջազգային առողջարանային կենտրոն դառնալու ներուժ ունեցող քաղաք։ Ջերմուկի հանքային ջրերը, լեռնային բնությունը, բուժական և զբոսաշրջային հնարավորությունները երկարաժամկետ ազգային հարստություն են։ Հանքի պաշարները մի օր կսպառվեն, մինչդեռ Ջերմուկի բնական հարստությունն ու առողջարանային ներուժը կարող են ապահովել քաղաքի զարգացումը սերունդների համար։ Նույն մտահոգությունը վերաբերում է Սևանին՝ Հայաստանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարին։ Նույնիսկ փոքր հավանականությամբ ծանր հետևանքը պետությունից պահանջում է առավելագույն զգուշավորություն։ Բնապահպանական քաղաքականության մեջ սխալվելու գինը հաճախ վճարում են որոշումը կայացնողների թոռները։ Ամուլսարի սեփականության վերջին փոփոխություններն այս պատմությանը նոր քաղաքական շերտ են ավելացրել։ 2024 թվականին Հայաստանը որոշեց ընդունել «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ 2025 թվականից ընկերության 87,5 տոկոսի սեփականատերն է «Յունայթիդը»։ Պետությունը դարձավ հանքային ծրագրի բաժնետեր՝ միաժամանակ պահպանելով դրա բնապահպանական վերահսկողության պատասխանատվությունը։ Այս երկակի կարգավիճակը շահերի բախման ակնհայտ վտանգ է պարունակում։ Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես է կառավարությունը ապահովելու վերահսկողության անկախությունը, երբ ինքն էլ շահագրգռված է ծրագրի ֆինանսական հաջողությամբ։ Ամուլսարն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Հայաստանին անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ, միջազգային կապիտալի վստահություն և տնտեսական դիմակայունություն։ Պատերազմների, շրջափակման և տարածաշրջանային անկայունության պայմաններում ներդրումային հեղինակությունը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Սակայն ժամանակակից աշխարհում կապիտալի վստահությունը գնալով ավելի սերտորեն է կապվում բնապահպանական չափանիշների, կառավարման որակի և հանրային համաձայնության հետ։ Եվրոպական տնտեսական տարածքին մոտենալու հավակնություն ունեցող Հայաստանը չի կարող զարգացման չափանիշ ընտրել հանքային արդյունահանման ծավալների աճը։ Եվրոպական կանաչ անցման գաղափարը պահանջում է տնտեսության կառուցվածքային վերափոխում, բնական պաշարների խելամիտ կառավարում և շրջակա միջավայրի պաշտպանության իրական առաջնահերթություն։ Պղինձը, մոլիբդենն ու ոսկին տասնամյակներ շարունակ զգալի եկամուտներ են ապահովել Հայաստանին, սակայն այդ հարստությունը չի վերածվել կայուն և բազմազան տնտեսության։ Երկիրը շարունակում է կախված մնալ հումքի արտահանումից, համաշխարհային գների տատանումներից և բնական պաշարների աստիճանական սպառումից։ Մեր աշխարհագրությունը փոքր է, ջրային պաշարները՝ խոցելի, իսկ բնապահպանական սխալների տարածական հետևանքները՝ մեծ։ Այստեղ նույնիսկ մեկ լեռնաշղթայի ճակատագիրը կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի տնտեսական ապագայի վրա։ Հին ժամանակներում պետությունները հզորությունը չափում էին իրենց տիրապետության տակ գտնվող ոսկու քանակով։ Այսօր զարգացած պետության հարստությունը չափվում է նաև մաքուր ջրով, առողջ միջավայրով և պահպանված բնությամբ։ Հայաստանը դեռ դժվարությամբ է յուրացնում այս փոփոխությունը։ Հանքարդյունաբերությունը շարունակում է դիտարկվել որպես արագ տնտեսական արդյունքի հասնելու միջոց, մինչդեռ բնապահպանությունը հաճախ մնում է ներդրումային որոշումները բարդացնող հանգամանք։ Ամուլսարի բացումը պետք է ուղեկցվեր անկախ շարունակական վերահսկողության, ամբողջական հրապարակային հաշվետվողականության, բնապահպանական վնասի փոխհատուցման և հանքի փակումից հետո երկարաժամկետ պարտավորությունների երաշխիքներով։ Դրանց առկայությունն ու բավարար լինելը պետք է հանրությանը ներկայացվեն ստուգելի փաստերով։ Տխուր է, որ Հայաստանում բնապահպանական առաջնահերթությունները կրկին չեն ստացել այն քաղաքական կշիռը, որին արժանի են։ Ամուլսարի ոսկին կարող է եկամուտ բերել պետական բյուջեին, աշխատատեղեր ստեղծել և ավելացնել արտահանումը։ Այդ եկամուտները հաշվելի են։ Լեռնային էկոհամակարգի հնարավոր կորուստը, ջրի հանդեպ անվստահությունը և Ջերմուկի ապագային հասցվող վնասը դրամական մեկ հաշվեկշռում տեղավորել հնարավոր չէ։ Ամուլսարի շուրջ ամենածանր հարցը մնալու է հաջորդ սերունդներին. ինչո՞ւ այդքան աղքատ պատկերացրինք Հայաստանի հարստությունը, որ նրա ապագայի մի մասը պատրաստ եղանք փոխանակել ընդերքում պահված ոսկու հետ։



