Աստղագետները հայտնաբերել են «փյունիկ-մոլորակ»

Աստղագետները հայտնաբերել են էկզոմոլորակ, որը կարելի է անվանել «փյունիկ-մոլորակ»։ Այն ձևավորվել է աստղի կյանքի վերջին փուլում տիեզերք արտանետված նյութից և այժմ պտտվում է այդ աստղից մնացած սպիտակ թզուկի շուրջ։ Գիտնականները մոլորակը դասակարգում են որպես երկրորդ սերնդի մոլորակ։ Ի տարբերություն Երկրի և առաջին սերնդի մոլորակների, որոնք ձևավորվել են նորաստեղծ աստղերի շուրջ, այն առաջացել է մահացող աստղի մնացորդներից։ «Սա սպիտակ թզուկի շուրջ մոլորակի ձևավորման առաջին օրինակն է»,– նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, Ուորվիքի համալսարանի աստղաֆիզիկոս Ջեյմի Ուիլյամսը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Astronomy ամսագրում։ Մոլորակը գտնվում է Երկրից մոտ 250 լուսատարի հեռավորության վրա՝ Կետ համաստեղության ուղղությամբ։ Այն գազային հսկա է՝ հնարավոր է՝ փոքր-ինչ ավելի զանգվածային, քան Յուպիտերը, և սպիտակ թզուկի շուրջ պտտվում է ընդամենը 4,4 օրում։ Մոլորակը գտնվում է աստղային մնացորդին այնքան մոտ, որ սպիտակ թզուկի ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը գոլորշիացնում է նրա արտաքին մթնոլորտը։ Դրա մի մասը հետագայում ընկնում է սպիտակ թզուկի վրա։ Մոլորակի քիմիական բաղադրությունը՝ մասնավորապես նիոբիումի, պղնձի և ցինկի առկայությունը, նույնպես վկայում է, որ այն ձևավորվել է մահացող աստղից արտանետված նյութից։ Հետազոտության հեղինակները վերլուծել են «Հաբլ», TESS և FUSE տիեզերական աստղադիտակների տվյալները և նախատեսում են հետագայում ուսումնասիրությունը լրացնել Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակի դիտարկումներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15452

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով