Հայաստանի տնտեսության շուրջ վերջին օրերին մի քանի կարևոր զարգացում է տեղի ունեցել, որոնք առաջին հայացքից առանձին հարցեր են, բայց իրականում փոխկապակցված են։ Ռուսաստանը հիշեցնում է էժան գազի քաղաքական գնի մասին, կասկածի տակ դնում Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիական ներդրումների անվտանգությունը և միաժամանակ հավակնում կառուցել Հայաստանի նոր ատոմակայանը։ Այդ ընթացքում հայկական արտահանումը դեպի Ռուսաստան նվազում է, դեպի Եվրոպա՝ աճում։ Իսկ երկրի ներսում պահպանվում են գնաճի, տնտեսական աճի կառուցվածքի և արտադրողականության խնդիրները։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 4.3 տոկոս։ Համաշխարհային բանկն էլ արձանագրում է, որ տնտեսական աճի հիմնական շարժիչներից շարունակում են մնալ շինարարությունն ու ծառայությունները։ Հայաստանի տնտեսությունը փոխում է իր արտաքին կապերը, բայց արդյո՞ք փոխում է նաև իր ներքին կառուցվածքը։ Եվ որքանո՞վ է պատրաստ դիմակայելու արտաքին տնտեսական ու քաղաքական ճնշումներին։ Այս հարցերն այսօր կքննարկենք միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



