61-ամյա կանադուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հինգ ժամ անընդմեջ պահելով «պլանկայի» դիրքը։ Ռեկորդակիրը 61-ամյա Դոննա Ջին Ուայլդն է։ ԱՄՆ Յուտա նահանգում անցկացվող Huntsman World Senior Games՝ տարեցների համաշխարհային խաղերի ժամանակ, նա հինգ ժամ անընդմեջ պահել է պլանկայի դիրքը։ Ուայլդը գերազանցել է իր նախորդ ռեկորդը, որը կազմում էր 4 ժամ 30 րոպե 11 վայրկյան։ Այնուամենայնիվ, նոր ռեկորդային արդյունքը դեռ պետք է ստուգվի Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից։ Ուայլդը «պլանկա»-ով սկսել է զբաղվել ավելի քան տասը տարի առաջ՝ դաստակի վնասվածքից հետո։ Դրա պատճառով նա չէր կարողանում կատարել իր սովորական վարժություններից շատերը։ «Պլանկան» դարձավ դրանց հասանելի այլընտրանքը և աստիճանաբար վերածվեց ամենօրյա մարզման։ Ժամանակի ընթացքում կանադուհին իր մարզումներին ավելացրել է վազքը, ցատկապարանով վարժություններն ու ուժային մարզումները։ Ուայլդը դպրոցի նախկին տնօրեն է, հինգ երեխաների մայր և 12 թոռների տատիկ։ Ռեկորդային փորձի վերջին ժամը հատկապես ծանր է եղել․ մարզուհին խոստովանել է, որ քիչ է մնացել հանձնվի։ Սակայն հանդիսատեսի աջակցությունն օգնել է նրան դիմանալ մինչև վերջ։ Արդեն հաջորդ առավոտյան նա մասնակցել է երեք կիլոմետրանոց վազքի։ Ուայլդն ունի նաև մեկ այլ հավակնոտ նպատակ․ նա ցանկանում է գերազանցել սեփական ռեկորդը հրում վարժությունների մեջ՝ մեկ ժամում կատարելով 1575 կրկնություն։



