ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT

Հոկտեմբերի 9-ին ուկրաինական պատվիրակությունը գրեթե ութ ժամ բանակցություններ է վարել Մայամիում՝ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը պետք է նվիրված լիներ պատերազմի դադարեցմանը, սակայն բանակցությունների ընթացքը խաթարվել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, գրում է Financial Times-ը։ Թերթի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները հայտնել են, որ Վաշինգտոնը պատրաստվում է չեղարկել ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ Մոսկվան՝ վերացնել դրա արտահանման արգելքը։ Նույն հանդիպման ժամանակ Ուիթքոֆն ու Քուշները նախազգուշացրել են ուկրաինական կողմի ներկայացուցիչներին, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, եթե Կիևը չդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, պնդում են պարբերականի աղբյուրները։ Ուկրաինան ամերիկյան հետախուզական տվյալներն օգտագործում է նման հարձակումների համար՝ նպատակ ունենալով կրճատել Ռուսաստանի եկամուտները, որոնց հաշվին Մոսկվան ֆինանսավորում է պատերազմը։ Թրամփը, ընդհակառակը, պահանջում է դադարեցնել հարվածները, քանի որ դրանք ազդում են վառելիքի գների վրա ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՄՆ-ում։ Ուկրաինական կողմը պահանջն անարդար է համարել, քանի որ Ռուսաստանից նմանատիպ խոստումներ չեն պահանջում։ Ուկրաինացի մի բարձրաստիճան պաշտոնյա Financial Times-ին հայտնել է, որ հարվածները կշարունակվեն, իսկ պատվիրակությունը կհրաժարվի բանակցությունների երկրորդ օրը մասնակցելուց։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան Axios-ին տված մեկնաբանության մեջ հերքել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները սպառնացել են Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից։ Երեկ Թրամփը հրապարակավ հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Նա նաև մեղադրել է Վլադիմիր Զելենսկուն համաձայնության հասնելու հնարավորություններից հրաժարվելու և համաշխարհային վառելիքի շուկայում խնդիրներ ստեղծելու մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15486

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով