Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է ավելի սրել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ դիմադրելով ռուսական նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների շուրջ Վաշինգտոնի ճնշմանը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ նշելով, որ Թրամփը Ուկրաինայի պատերազմը գնալով ավելի շատ դիտարկում է էներգակիրների գների և ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների համատեքստում։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Մայամիում կայացած հանդիպման ժամանակ ամերիկացի բանակցողները ուկրաինացի պաշտոնյաներին հիշեցրել են, որ ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրում է զինամթերք և հետախուզական տվյալներ, ուստի Կիևը չպետք է քայլեր ձեռնարկի, որոնք կարող են վնասել ամերիկացի սպառողներին։ Ուկրաինական կողմը դա ընկալել է որպես քողարկված սպառնալիք՝ դադարեցնելու հետախուզական տվյալների փոխանցումը։ Bloomberg-ի աղբյուրների համաձայն, Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանցի պաշտոնյաները կասկածում են, որ Թրամփը մոտ ապագայում կկարողանա հասնել Ռուսաստանի համար շահավետ պայմաններով խաղաղության համաձայնագրի։ Նրանցից ոմանք նաև կարծում են, որ Թրամփի կոշտ քննադատությունն ինքնին արդյունք չի տա, եթե Վաշինգտոնը չդադարեցնի Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումն ու զենքի վաճառքը։



