Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել են վերջին շրջանում բարձրաստիճան մակարդակով փոխայցելությունները և անդրադարձ է կատարվել 2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովին Լեհաստանից բարձրաստիճան ներկայացվածությանն առնչվող հարցերի: Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել տնտեսական դիվանագիտության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին՝ մասնավորապես արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների ոլորտային վարչությունների միջև հեռավար քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:



