Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը համապատասխանում է երկու երկրների և համաշխարհային էներգետիկ շուկաների շահերին. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շատ փոխշահավետ ուղղություն է։ Այն համապատասխանում է Միացյալ Նահանգների, համաշխարհային էներգետիկ շուկաների և Ռուսաստանի շահերին։ Հենց այդ պատճառով էլ դա տեղի է ունենում»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է համաշխարհային շուկաներ մատակարարել մրցունակ նավթ և նավթամթերք։ «Ռուսաստանը համաշխարհային շուկաներ մրցունակ արտադրանք մատակարարող երկիր է։ Մենք շարունակելու ենք դա անել»,- ասել է Պեսկովը։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության հնարավոր նոր պատժամիջոցները, որոնք կարող են կապված լինել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարման պայմանավորվածության հետ, կարող են խոչընդոտել այդ համաձայնության իրականացմանը։ «Անշուշտ, դա կարող է խանգարել»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ միջազգային լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է նաև եվրոպական կողմի, իր բնորոշմամբ, «ցինիզմի» հարցը։ Պեսկովը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրները շարունակում են ռուսական նավթի և նավթամթերքի ակտիվ գնորդներ մնալ։ «Եվրոպական երկրները, ինչպես և աշխարհի մյուս պետությունները, ռուսական նավթի և նավթամթերքի ակտիվ գնորդներ են»,- ասել է Կրեմլի խոսնակը։



