ՌԴ-ում լրտեսության կասկածանքով ճապոնացի լրագրող է ձերբակալվել

Ռուսաստանի Սախալին կղզում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնական Hokkaido Shimbun թերթի թղթակիցը. հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից։ ԱԴԾ-ի պնդմամբ՝ լրագրողը ճապոնական հատուկ ծառայություններից մեկի հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի պաշտպանունակության վերաբերյալ։ Ռուսական կողմի վարկածով՝ լրագրողին ձերբակալել են Հարավային Սախալինսկում՝ Ռուսաստանից մեկնելուց առաջ, այնուհետև տեղափոխել Մոսկվա։ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել լրտեսության հոդվածով։ Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը նրան կալանավորել է մինչև դեկտեմբերի 12-ը։ Ռուսական ԱԴԾ-ի պնդմամբ՝ լրագրողը նաև տեղեկություններ է հավաքել Կուրիլյան կղզիներում մոբիլիզացված և Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող անձանց թվի վերաբերյալ։ «Ինտերֆաքսի» տվյալներով՝ ձերբակալված լրագրողի անունը Յուկի Իմայի է։ Այդ անունով անձի վերաբերյալ տվյալներ կան նաև Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի կայքում։ Հաղորդվում է, որ Իման առնվազն 2014 թվականից այցելել է Ռուսաստան և սովորել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում։ Այս տարվա ամռանը 34-ամյա լրագրողը կրկին ժամանել է Ռուսաստան և հրապարակումներ արել, այդ թվում՝ Պետդումայի ընտրությունների մասին։ Ճապոնիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել իրենց քաղաքացու ձերբակալությունն ու կալանավորումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով