Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

Չինաստանի առևտրի ծավալը Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ 2026 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է։ Չինաստանի և Եվրամիության միջև առևտրի ծավալը նշված ժամանակահատվածում տարեկան հաշվարկով աճել է 12,9%-ով՝ հասնելով 693,57 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Մաքսային գլխավոր վարչության տվյալները։ Ինչպես հետևում է հրապարակված տվյալներից, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանից ԵՄ ապրանքների մատակարարումները հասել են 485,43 միլիարդ դոլարի՝ ավելանալով 16,4%-ով։ Եվրամիությունից Չինաստան ներմուծումն աճել է 5,5%-ով և կազմել 208,14 միլիարդ դոլար։ Արդյունքում՝ Պեկինի դրական առևտրային հաշվեկշիռը 2025 թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ աճել է 3,2%-ով՝ մինչև 277,29 միլիարդ դոլար։ ԵՄ անդամ երկրների շարքում Չինաստանի հետ առևտրի ծավալով առաջատարը Գերմանիան է, որի ցուցանիշը հունվար-սեպտեմբերին կազմել է 173,68 միլիարդ դոլար (տարեկան հաշվարկով աճը՝ 10,6%)։ ԵՄ-ում Չինաստանի երկրորդ առաջատար առևտրային գործընկերը Նիդեռլանդներն է, որը հաշվետու ժամանակահատվածում Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելացրել է 7,8%-ով՝ մինչև 90,66 միլիարդ դոլարի։ Հաջորդը Ֆրանսիան է՝ 70,83 միլիարդ դոլար ցուցանիշով (աճը՝ 14%)։ Իսկ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 462,54 միլիարդ դոլար՝ տարեկան հաշվարկով ավելանալով 8,6%-ով։ Ինչպես հետևում է Մաքսային գլխավոր վարչության վիճակագրությունից, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանի արտահանումն ԱՄՆ կազմել է 348,19 միլիարդ դոլար՝ ցուցադրելով 9,8% աճ։ Միացյալ Նահանգներից Չինաստան ապրանքների ներմուծումն աճել է 5,2%-ով՝ մինչև 114,35 միլիարդ դոլար։ Չինաստանի դրական առևտրային հաշվեկշիռը Միացյալ Նահանգների հետ առևտրային փոխգործակցության 9 ամսվա արդյունքներով հասել է 233,84 միլիարդ դոլարի։ Դա 12%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծում է սոյա, բամբակ և եգիպտացորեն, միկրոսխեմաներ, արտաճանապարհային ավտոմոբիլներ, կոքսացող ածուխ, պղինձ և պղնձի հանքաքար։ Ամերիկյան կողմը Չինաստանից գնում է սմարթֆոններ, պարզեցված մաքսային ձևակերպման ենթակա ցածր արժեք ունեցող ապրանքներ, համակարգիչներ, լիթիումաիոնային մարտկոցներ, մանկական խաղալիքներ, պլաստիկե արտադրանք, տեսահսկման խցիկներ, կենցաղային սարքեր, հագուստ, կոշկեղեն և բազմաթիվ այլ ապրանքներ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15740

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով