Բաքուն կառուցում է երկաթուղին և փորձում վերաշարադրել Վաշինգտոնի պայմանավորվածությունները

Ադրբեջանն արագացնում է Նախիջևանի երկաթուղու վերակառուցումը։ Աշխատանքները մեկնարկել են Հայաստանի սահմանամերձ հատվածներից։ Նախատեսվում է արդիականացնել 194 կիլոմետրանոց երկաթուղին՝ վերականգնելով կայարանները, կամուրջներն ու թունելները։ Առաջին յոթ կիլոմետրում շինարարությունն արդեն զգալիորեն առաջ է գնացել։ Նոր ենթակառուցվածքը նախատեսված է գնացքների՝ ժամում մինչև 120 կիլոմետր արագությամբ երթևեկության համար։ Շինարարությունն ունի նաև հստակ քաղաքական նպատակ։ Բաքուն զարգացնում է Նախիջևանի հետ երկաթուղային կապը՝ հետևողականորեն առաջ մղելով «Զանգեզուրի միջանցքի» իր օրակարգը։ Ալիևը փորձում է այդ անվանումն ամրագրել միջազգային քաղաքական բառապաշարում և դրան հաղորդել մի նշանակություն, որը չի բխում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրը հստակ ամրագրում է՝ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։ Հայաստանի տարածքով նախատեսված նախագիծը ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անվանումը։ Հետագա հայ-ամերիկյան փաստաթղթերով վերահաստատվել է Հայաստանի լիարժեք իրավազորությունը, այդ թվում՝ սահմանային և մաքսային վերահսկողության նկատմամբ։ Բաքվի համառությունն այս պայմաններում պատահական բառախաղ համարելը քաղաքական միամտություն կլինի։ Միջազգային հարաբերությունների պատմության մեջ աշխարհագրական անվանումները բազմիցս ծառայել են քաղաքական հավակնությունների ամրապնդմանը։ Քաղաքական բառապաշարում հաստատված եզրույթը ժամանակի ընթացքում կարող է վերածվել տարածքային ու իրավական պահանջների հիմնավորման։ Ալիևը գիտակցում է դրա նշանակությունը և փորձում սեփական ձևակերպումը դարձնել միջազգայնորեն ընդունված հասկացություն՝ ամրապնդելով Բաքվի դիրքերը հետագա բանակցություններում։ Հայաստանը պետք է դուրս գա Բաքվի հայտարարություններին արձագանքելու շրջանակից և կենտրոնանա սեփական օրակարգի իրականացման վրա։ Առաջնահերթությունը Վաշինգտոնի պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումն է։ Ամերիկյան մասնակցությունը բացառիկ հնարավորություն է Հայաստանի հարավը միջազգային տնտեսական հետաքրքրությունների կարևոր հանգույց դարձնելու համար։ Այդ հնարավորությունն իրացնելու ժամանակը հիմա է։ Ադրբեջանն արդեն անցել է շինարարության։ Հայաստանին ևս անհրաժեշտ են պատրաստի նախագծեր, ապահովված ֆինանսավորում, հստակ ժամկետներ և հիմնավորված տնտեսական հաշվարկներ։ Մեղրիով անցնող երկաթուղին պետք է ծառայի Հայաստանի ամբողջ տրանսպորտային համակարգի զարգացմանը։ Ախուրիկի, Երասխի և Իջևանի ուղղությունների վերականգնումը կարող է էապես մեծացնել երկրի տարանցիկ նշանակությունը։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև Իրանի հետ հաղորդակցության զարգացումը։ Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա ձևավորվող նոր տրանսպորտային ուղիներում Հայաստանը կարող է կարևոր տեղ զբաղեցնել՝ ընդլայնելով իր տնտեսական հնարավորություններն ու տարածաշրջանային քաղաքական կշիռը։ Բաքուն ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել տարածաշրջանային տարանցիկ հոսքերը։ Հայաստանը պետք է նույն հետևողականությամբ առաջ մղի սեփական շահերը։ Վաշինգտոնյան համաձայնությունները ստեղծել են անհրաժեշտ քաղաքական հիմքը։ Այժմ վճռորոշը Հայաստանի պետական ու տնտեսական ներուժի լիարժեք գործադրումն է։ Առանձնապես կարևոր է ամերիկյան կողմի հետ աշխատանքի որակը։ TRIPP-ը պետք է Միացյալ Նահանգների համար ձեռք բերի երկարաժամկետ տնտեսական և ռազմավարական նշանակություն։ Ամերիկյան կապիտալի ներգրավումը, ենթակառուցվածքների անվտանգությունը, փոխադրումների միջազգային կանոնները և Հայաստանի պետական վերահսկողության լիարժեք իրականացումը պետք է ամրապնդվեն հստակ պայմանագրերով ու գործուն կառույցներով։ Այս մասշտաբի նախագիծը պահանջում է հետևողական պետական աշխատանք։ Ալիևը շարունակելու է օգտագործել «միջանցքային» բառապաշարը։ Դրան ամենաարդյունավետ պատասխանը կլինի գործող հայկական երկաթուղին՝ Հայաստանի վերահսկողությամբ, միջազգային ներդրումներով և իրական բեռնափոխադրումներով։ Նախիջևանում ընթացող շինարարությունը Երևանին հիշեցնում է ժամանակի գինը։ Տարածաշրջանի տնտեսական նոր քարտեզն արդեն ձևավորվում է։ Յուրաքանչյուր ուշացած որոշում կարող է նվազեցնել Հայաստանի հնարավորություններն ու ապագա տնտեսական դերակատարությունը։ Վաշինգտոնում Հայաստանը ստացել է կարևոր քաղաքական հնարավորություն։ Հիմա անհրաժեշտ է այդ ձեռքբերումը վերածել տնտեսական ուժի։ Երկաթուղին կառուցվում է տասնամյակների համար, և դրանով անցնող յուրաքանչյուր գնացք պետք է ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը, եկամուտ բերի պետությանը և մեծացնի նրա նշանակությունը տարածաշրջանում։ Հայաստանի խնդիրը սեփական տեղն ու շահն այդ նոր քարտեզում ամրագրելն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15882

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով