Ուկրաինացի հայտնի պարուհի, «Պարեր աստղերի հետ» հեռուստաշոուի հաղթող Իլոնա Գվոզդևան պատմել է, թե ինչպես է հայտնվել պայթյունների և ինտենսիվ գնդակոծության կենտրոնում։ Հոկտեմբերի 13-ին պարուհին մեքենայով աշխատանքի գնալիս հայտնվել է վտանգավոր իրավիճակում․ նրա մեքենայի կողքին փորձել են խոցել ռուսական անօդաչու թռչող սարքը։ «Կարող եմ ասել, որ սա իմ երկրորդ ծննդյան օրն է։ Աշխատանքի ճանապարհին հայտնվեցի ինտենսիվ գնդակոծության տակ․ մեր շրջանում խոցում էին «Շահեդ» անօդաչու թռչող սարքը։ Այն այնքան ցածր և մոտ էր թռչում, որ բառացիորեն անցնում էր իմ մեքենայի դիմապակու վերևով»,- Instagram-ում գրել է Գվոզդևան։ Պարուհու խոսքով՝ տեղի ունեցածը մեծ վախ է առաջացրել իր մոտ։ Նա նշել է, որ սկզբում կարողացել է վերահսկել իրավիճակը, սակայն մեքենան կանգնեցնելուց հետո զգացել է, որ ամբողջ մարմինը դողում է, և չի կարողանում կառավարել այն։ «Սուր սթրեսային արձագանք ունեցա։ Խաչմերուկում չկորցրի ինքնատիրապետումս, բայց երբ կանգ առա, զգացի, որ ամբողջ մարմինս դողում է, և այն ինձ չի ենթարկվում»,- պատմել է նա։



