Անկախությունից ի վեր արտագաղթը Հայաստանի ամենածանր ժողովրդագրական խնդիրներից է եղել՝ երկրի տնտեսությունից ու հասարակությունից խլելով մարդկային հսկայական ներուժ։ Այժմ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է միգրացիոն հոսքերի պատմական փոփոխության մասին։ Հայաստանը, ըստ նախարարության, վերածվում է մուտքի և տարանցման երկրի։ Հրապարակված ցուցանիշներն իսկապես ուշագրավ են, սակայն դրանց հետևում դեռևս չբացահայտված հարց կա։ Որքանո՞վ է փոխվել մարդկանց՝ Հայաստանում ապրելու և իրենց ապագան այստեղ կառուցելու որոշումը։ Սահմանային վիճակագրությունը դեռ ամբողջությամբ չի պատասխանում այդ հարցին։ ՆԳՆ տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի քաղաքացիների սահմանային մուտքերի և ելքերի դրական տարբերությունը կազմել է 8660։ Դրական միտումը պահպանվել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 1347։ Համեմատության համար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում ցուցանիշը բացասական էր՝ 20 065, իսկ 2024 թվականին՝ 22 893։ Փոփոխությունն ակնհայտ է և արժանի լուրջ ուշադրության։ Սակայն այստեղ կա վիճակագրական կարևոր հանգամանք։ Սահմանահատումների հաշվեկշիռը դեռևս չի ներկայացնում ներգաղթի ամբողջական պատկերը։ Նույն քաղաքացին տարվա ընթացքում կարող է բազմիցս հատել սահմանը։ Վերադարձողների թիվը, նրանց բնակության տևողությունը, զբաղվածությունը և Հայաստանում հաստատվելու մտադրությունը պահանջում են առանձին հաշվառում։ Առանց այդ տվյալների ժողովրդագրական շրջադարձի մասին վերջնական եզրակացությունը վաղաժամ է։ Հատկանշական է նաև օտարերկրացիների շարժը։ 2026 թվականի առաջին կիսամյակում նրանց սահմանահատումների դրական տարբերությունը հասել է 57 953-ի։ Ժամանակավոր կացության կարգավիճակի համար ներկայացվել է 9534 դիմում, որոնցից 6059-ը բավարարվել է։ Դիմումների և հաստատումների ծավալները նախորդ տարիների համեմատ շուրջ եռապատկվել են։ Սրանք արդեն պետական կառավարման համար էական փոփոխություններ են։ Աշխարհաքաղաքական ցնցումները փոխել են Հայաստանի տեղը տարածաշրջանային միգրացիոն գործընթացներում։ Ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու Մերձավոր Արևելքի անկայունությունը մարդկանց և կապիտալի նոր հոսքեր են ուղղել դեպի Հայաստան։ Այս հոսքերը կարող են խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը, եթե պետությունը կարողանա ժամանողների մասնագիտական ներուժն ու կապիտալը վերածել երկարաժամկետ ներդրումների, նոր աշխատատեղերի և տնտեսական աճի։ Հայաստանի բաց միգրացիոն միջավայրը և միջազգային կապերը նպաստավոր պայմաններ են ստեղծում ժամանողների մասնագիտական ու տնտեսական ներուժը երկրի զարգացմանը ծառայեցնելու համար։ Հայաստանի սահմանափակ տնտեսական հնարավորությունները, բնակարանների թանկացումը, եկամուտների անհավասարությունն ու մարզերից բնակչության շարունակվող արտահոսքը կարող են խորացնել ներգաղթի հետ կապված սոցիալական խնդիրները։ Երևանում ավելացող բնակչությունն ինքնաբերաբար չի լուծելու Սյունիքի, Գեղարքունիքի կամ սահմանամերձ բնակավայրերի ժողովրդագրական խնդիրները։ Ներգաղթի տնտեսական արդյունքը կախված է մարդկանց տարածքային բաշխումից, ներդրումային միջավայրից, աշխատանքի առաջարկից և հանրային ծառայությունների պատրաստվածությունից։ Միգրացիոն հոսքերի փոփոխությունը պահանջում է վերանայել նաև Հայաստանի քաղաքացիության քաղաքականությունը։ ՆԳՆ-ն արդեն ազդարարել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման մասին։ Պետությունն այստեղ պարտավոր է առաջնորդվել երկարաժամկետ ազգային շահերով։ Անհրաժեշտ է հստակ կարգավորել քաղաքացիության տրամադրման, աշխատանքի, հարկային պարտավորությունների և ժամանողների լեզվական ու հասարակական ինտեգրման հարցերը՝ ապահովելով միասնական ու կանխատեսելի պետական քաղաքականություն։ Ներգաղթյալների իրավունքների պաշտպանությունն ու ընդունող հասարակության շահերը պահանջում են հավասարակշռված պետական քաղաքականություն։ Միգրացիոն փոփոխություններն ունեն նաև աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն։ Ժամանակակից աշխարհում միգրացիան դարձել է պետությունների տնտեսական զարգացման և աշխարհաքաղաքական ազդեցության կարևոր գործիք։ Պետությունները մրցակցում են մասնագետների, ձեռնարկատերերի, տեխնոլոգիական կարողությունների և ներդրումային կապիտալի համար։ Հայաստանը հնարավորություն ունի ներգրավվելու այդ մրցակցությանը՝ օգտագործելով սփյուռքի ներուժը, միջազգային հաղորդակցությունների զարգացման հեռանկարը և տնտեսական հարաբերությունների բազմազանեցումը։ Այդ նպատակով պատրաստվող միգրացիոն ռազմավարությունը պետք է պարունակի չափելի պարտավորություններ։ Հանրությանը անհրաժեշտ է հասանելի դարձնել վերադարձած քաղաքացիների, երկարաժամկետ բնակություն հաստատած օտարերկրացիների, արտագաղթողների, աշխատանքի անցած ներգաղթյալների և մարզերում բնակություն հաստատած ընտանիքների ամբողջական վիճակագրությունը։ Անհրաժեշտ են նաև որոշակի կանխատեսումներ ներգաղթի տնտեսական ազդեցության, բնակարանային պահանջարկի և պետական ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության վերաբերյալ։ Այսօր ստեղծվել են արտագաղթի հետևանքով կուտակված ժողովրդագրական կորուստները հաղթահարելու նոր հնարավորություններ։ Սահմանային դրական հաշվեկշռի նշանակությունը կգնահատվի առաջիկա տարիներին՝ Հայաստանում մշտապես բնակություն հաստատած մարդկանց թվով և երկրի զարգացման գործում նրանց ունեցած ներդրմամբ։ Քննարկվող ռազմավարության գլխավոր հարցը Հայաստանի կարողությունն է մարդկանց համար ստեղծելու արժանապատիվ կյանքի, աշխատանքի և երկարաժամկետ ապագայի հուսալի պայմաններ։ Հայրենադարձության կայունությունը, ներգաղթի տնտեսական արդյունքը և երկրի ժողովրդագրական վերականգնումը կախված են հենց այդ կարողությունից։ Պետության հաջողությունը չափվելու է Հայաստանում իրենց ապագան կառուցող մարդկանց թվով։



