ՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Ռուսաստանից դիզելային վառելիք մատակարարելու վերաբերյալ պայմանավորվածությունը։ «Այս որոշման արդյունքը կասկածելի է, մինչդեռ ռիսկերն ակնհայտ են․ Մոսկվայի գործողությունների օրինականացում, երբ ռուսական ռումբերը շարունակում են ընկնել ուկրաինական քաղաքների վրա, Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորում և պատժամիջոցների թուլացում»,- հայտարարել է Մելոնին։ Նրա խոսքով՝ նման քայլերը հակասում են այն ջանքերին, որոնք արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, մինչ այժմ գործադրել են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Մելոնին նաև ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը չի հակասում խաղաղության հաստատման նպատակին, այլ անհրաժեշտ պայման է դրա համար։ «Ուկրաինային աջակցելը խաղաղության այլընտրանք չէ։ Հենց դա է խաղաղությունը հնարավոր դարձնում։ Եթե ագրեսորը կարող է նպատակ ունենալ հասնելու հակառակորդի կապիտուլյացիային, ապա ինչո՞ւ պետք է բանակցի»,- նշել է Իտալիայի վարչապետը։ Մելոնիի խոսքով՝ եթե Ուկրաինան դադարեցնի ինքնապաշտպանությունը, դա խաղաղություն չի նշանակի. «Եթե Ուկրաինան վաղը դադարեցնի պաշտպանվելը, ինչպես շատերն են ցանկանում և առաջարկում, մենք խաղաղություն չենք ունենա։ Մենք կքննարկենք եվրոպական պետության օկուպացիան և խորհրդային տիպի իմպերիալիզմի վերադարձը, որի հետևանքները Եվրոպան զգացել է կես դար շարունակ»,- հայտարարել է Մելոնին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15786

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով