Չինաստանի և Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես շահագործման են հանձնել նոր անդրսահմանային կամուրջը Յալուցզյան (Ամնոկան) գետի վրայով, որով անցնում է երկու երկրների միջև պետական սահմանը։ Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Կամրջով երթևեկությունը բացել են հոկտեմբերի 15-ին առավոտյան՝ հանդիսավոր արարողության ընթացքում։ Կայմաճոպանավոր կամուրջը միացնում է Չինաստանի Դանդուն քաղաքը Հյուսիսային Կորեայի Սինիյջու քաղաքի հետ։ Կամրջի հիմնարկման արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի վերջին, իսկ հիմնական կառուցվածքի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2014 թվականին։ Կամրջի երկարությունը գետի վրայով կազմում է մոտ 3 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 28,5 մետր։ Այն ունի չորս գոտիանոց ավտոճանապարհ: Կամրջով երթևեկության նախագծային արագությունը կազմում է մինչև 100 կմ/ժ։



