Տիրանայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային՝ պահանջելով քաղաքական գործչի հրաժարականը մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 13:00-ը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Տիրանայում անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Դրանք սկսվել էին հոկտեմբերի 13-ին ուսանողական բողոքի ակցիայի ընթացքում Ալբանիայի կրթության նախարարության շենքի մոտ և շարունակվել հոկտեմբերի 14-ին։ Ռամայի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են մուտք գործել վարչապետի պաշտոնական նստավայր։ Ոստիկանության կողմից հետ մղվելուց հետո նրանք բաժանվել են խմբերի և սկսել ավերել պետական կառույցների շենքերը Տիրանայի կենտրոնում։ Տուժել են խորհրդարանը, արդարադատության նախարարության շենքը, Պետական արխիվը և մի շարք այլ գերատեսչություններ։ Ալբանիայի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Դեմոկրատական կուսակցության նախագահ Սալի Բերիշան հատարարել է բողոքի ակցիաների պաշտպանության մասին։ Ora News հեռուստաալիքի տվյալներով՝ անկարգություններին մասնակցության համար ձերբակալվել է ավելի քան 70 մարդ, բախումների ընթացքում տուժել է 51 ոստիկան։ Տիրանայում ավելի քան 130 օր անընդմեջ տեղի են ունենում հակակառավարական հանրահավաքներ հանրապետության Ադրիատիկ ծովի ափին գտնվող Վյոսա-Նարտա արգելոցային գոտում հանգստավայրի կառուցման՝ երկրի իշխանությունների կողմից առաջ տարվող նախագծի պատճառով։ Ակցիաների մասնակիցները պահանջում են չեղարկել պահպանվող բնական տարածքների մասին օրենքում կատարված փոփոխությունները և վարչապետ Ռամայի հրաժարականը:



