Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը՝ Երևանում մեկնարկելիք COP17 համաժողովին ընդառաջ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիա (CARES) ստեղծելու վերաբերյալ, որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել է 16 երկիր։ Լեոնարդո Դի Կապրիոն «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Բավական չէ միայն տեսակների անհետացումը կանխելը ․ մենք պետք է փրկենք անհետացման եզրին հայտնված տեսակներին և նպաստենք դրանց վերականգնմանը»։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակում այսօր արված հայտարարությունները վկայում են, որ այս նպատակին հասնելու համար միջազգային ջանքերն ավելի ու ավելի մեծ թափ են հավաքում»։ Դերասանն ընդգծել է, որ Հայաստանի և Կոլումբիայի առաջնորդությամբ 16 երկիր միացել է «Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա» (CARES) նոր նախաձեռնությանը՝ պարտավորվելով ակտիվացնել անհետացումը կանխելու և տեսակների վերականգնման շոշափելի արդյունքների հասնելու ջանքերը։ «9 բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, այդ թվում՝ իմ կազմակերպությունը՝ Re:wild-ը, ձևավորել են «Տեսակների վերականգնման դաշինքը»՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում վայրի բնության մեջ անհետացած, կրիտիկական վտանգի տակ գտնվող և անհետացման վտանգի ենթակա տեսակների վերականգնմանն աջակցելու նպատակով համատեղ ավելի քան 500 միլիոն դոլար հատկացնելու և ֆինանսական միջոցներն այդ ուղղությամբ համախմբելու հանձնառությամբ։ Այս երկու առանձին նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ նպաստել աշխարհի առավել վտանգված տեսակների վերականգնմանը։ Դրա համար անհրաժեշտ են շարունակական ներդրումներ, բնապահպանական գործողությունների համակարգված իրականացում և երկարաժամկետ հանձնառություն։ Շնորհավորում եմ հիմնադիր կառավարություններին և կազմակերպություններին»,- նշել է Դի Կապրիոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16968

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով