NASA-ն հայտարարել է 150 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթի մասին՝ Լուսնի վրա տիեզերագնացներին և սարքավորումները ստատիկ էլեկտրականությունից պաշտպանելու լուծումներ գտնելու նպատակով։ Մոդելավորումները ցույց են տվել, որ Լուսնի ստվերային տարածքներում տիեզերագնացների սկաֆանդրների վրա կարող է էլեկտրական լիցք կուտակվել։ Տիեզերանավին մոտենալիս դա կարող է առաջացնել էլեկտրական պարպում, վնասել սկաֆանդրը կամ նույնիսկ հրդեհի պատճառ դառնալ։ NASA-ն նախատեսում է 2028 թվականին «Արտեմիս-4» կամ «Արտեմիս-5» առաքելությունների շրջանակում տիեզերագնացներ ուղարկել Լուսնի հարավային բևեռ։ Իսկ 2030-ականներին գործակալությունը նախատեսում է Լուսնի վրա երկարաժամկետ առաքելությունների համար բազա ստեղծել։



