Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման համար մինչև 2031 թվականը նախանշած ժամկետը դժվար է բացատրել, երբ համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է։ Ի՞նչն է Հայաստանին ստիպում խաղաղության իրավական ամրագրումը թողնել հնգամյա անորոշության մեջ։ Ինչո՞ւ հենց 2031 թվականը։ Ի՞նչն է փոխվել, եթե դեռ երեկ Երևանը պատրաստ էր պայմանագիրը ստորագրել անգամ հաջորդ օրը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ շահ է հետապնդում Հայաստանը՝ խաղաղության իրավական ամրագրումը ևս հինգ տարի անորոշության մեջ թողնելով։Այս հարցերն առանձնապես կարևոր են TRIPP նախագծի իրագործման հեռանկարի համատեքստում։ Վերջին ամիսներին աստիճանաբար հասունանում էր այն տեսակետը, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը մեծապես կախված է TRIPP նախագծի իրագործման շուրջ վերջնական պայմանավորվածության հետ։ Սպասվում էր, որ TRIPP-ի շուրջ վերջնական համաձայնությունը կվերացնի խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին մնացած քաղաքական խոչընդոտները։ Մինչդեռ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի ներկայացրած ժամանակացույցով՝ TRIPP-ի շինարարությունը կարող է մեկնարկել արդեն 2027 թվականի սկզբին։ Ստացվում է բավական ուշագրավ պատկեր։ Հայաստանը կարող է սկսել խաղաղության համար նախատեսված ենթակառուցվածքի կառուցումը՝ չունենալով խաղաղության ստորագրված պայմանագիր։ Երկու պետությունները կարող են փոխադարձ տնտեսական պարտավորություններ ստանձնել, միջազգային ներդրումներ ներգրավել, հաղորդակցություններ հաստատել և միաժամանակ տարիներով հետաձգել հարաբերությունների իրավական կարգավորումը։ Սա է Փաշինյանի հայտարարությունից բխող գլխավոր քաղաքական հակասությունը։ Իհարկե, 2027 թվականի շինարարության մեկնարկը դեռևս կանխատեսում է։ Եթե այս ժամանակացույցն իրատեսական է, ապա TRIPP-ի իրագործումը կարող է առաջ ընթանալ նաև առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։ Այս հանգամանքը լրջորեն թուլացնում է այն պնդումը, որ պայմանագրի ձգձգման հիմնական պատճառը հաղորդակցությունների շուրջ չլուծված հարցերն են։ Սա ստիպում է վերանայել Բաքվի սահմանադրական պահանջի իրական դերն ու հասկանալ, թե ինչու է Երևանը շարունակում խաղաղության պայմանագրի ստորագրումը կապել այդ նախապայմանի հաղթահարման հետ։ Սակայն առավել մտահոգիչն այն է, թե մինչև 2031 թվականը խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու հեռանկարն ինչ դիվանագիտական գին կարող է ունենալ Հայաստանի համար։ Միջազգային հարաբերություններում ժամկետները քաղաքական ազդակներ են։ Երբ Երևանն ինքն է խաղաղության վերջնական ամրագրման համար հնգամյա հորիզոն նախանշում, Բաքուն լրացուցիչ հնարավորություն է ստանում պահպանելու ներկայիս անորոշությունը։ Միջազգային գործընկերները ևս կարող են կորցնել գործընթացն արագացնելու շահագրգռվածությունը՝ Երևանի հայտարարությունն ընկալելով որպես ազդակ, որ Հայաստանն ինքը խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը հրատապ չի համարում։ Դիվանագիտական ճնշման հնարավորությունն այդպիսով թուլանում է հենց Երևանի նաձեռնությամբ։ Այսօր Հայաստանը բացառիկ դիվանագիտական հնարավորություն ունի։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գործընթացը Միացյալ Նահանգներին ուղղակիորեն ներգրավել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ։ TRIPP-ի զարգացման ընկերությունում նախատեսվող ամերիկյան 74 տոկոս բաժնեմասը Վաշինգտոնին դարձնում է նախագծի երկարաժամկետ տնտեսական հաջողության անմիջական շահագրգիռ կողմ՝ խոսքն արդեն Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքական և տնտեսական ներկայության նոր մակարդակի մասին է։ Հետևաբար, ինչո՞ւ Հայաստանը չի փորձում այս հնարավորությունը ծառայեցնել խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Երևանը կարող էր Վաշինգտոնի հետ քննարկել քաղաքական ժամանակացույց՝ նպատակ ունենալով մինչև TRIPP-ի շինարարության մեկնարկը հասնել պայմանագրի ստորագրմանը։ Ամերիկյան մասնակցությունը կարող էր օգտագործվել Բաքվի հետ բանակցություններն ակտիվացնելու, մնացած տարաձայնությունները հասցեագրելու և ձեռք բերված համաձայնությունները միջազգային քաղաքական երաշխիքներով ամրապնդելու համար։ Այսպիսի նախաձեռնությունը լիովին համահունչ կլիներ նաև Միացյալ Նահանգների շահերին։ Միլիարդավոր դոլարների հեռանկար ունեցող տարածաշրջանային ենթակառուցվածքի երկարաժամկետ հաջողության համար իրավականորեն ամրագրված խաղաղությունը կարևորագույն նախադրյալ է։ Ներդրումները կարող են նպաստել կայունությանը, սակայն պայմանագրի բացակայությունը շարունակելու է քաղաքական ռիսկ առաջացնել։ Հատկապես կարևոր է ժամանակի գործոնը։ Միջազգային քաղաքականության մեջ բարենպաստ պահերը հավերժ չեն։ Փոխվում են վարչակազմերը, վերադասավորվում են առաջնահերթությունները, առաջանում են ճգնաժամեր։ Այսօր Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում հայտնված Հարավային Կովկասը հինգ տարի անց կարող է ունենալ բոլորովին այլ նշանակություն։ Հայաստանը պետք է առավելագույն արդյունք ստանա ներկայիս հնարավորությունից։ 2031 թվականի ընտրությունը նաև ներքաղաքական հարց է առաջացնում։ Այդ տարի ավարտվում է գործող խորհրդարանի հնգամյա լիազորությունների ժամկետը։ Տպավորություն է ստեղծվում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետը որոշվում է նաև ներքաղաքական հաշվարկներով՝ այն կապելով հաջորդ ընտրական շրջափուլի հետ։ Խաղաղության գործընթացի ժամանակացույցը պետք է ունենա արտաքին քաղաքական հիմնավորում և հստակ միջանկյալ նպատակներ։ Հայաստանի համար հինգ տարին չափազանց երկար ժամանակ է։ Այդ ընթացքում կարող են փոխվել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը, միջազգային միջնորդության հնարավորությունները, տնտեսական նախագծերի ճակատագիրը։ Անորոշության յուրաքանչյուր տարին նոր լծակ է տալիս ուժեղ դիրքերից բանակցող կողմին։ TRIPP-ի գաղափարական հիմքում խաղաղությունն ու բարեկեցությունն են։ Այդ նախագծի հիմնարկեքը կարող է դառնալ տարածաշրջանի նոր պատմության խորհրդանշական իրադարձությունը։ Հայաստանը պետք է ձգտի այդ օրվան հասնել արդեն ստորագրված խաղաղության պայմանագրով։ Առավել ևս, երբ դրա տեքստը վաղուց համաձայնեցված և նախաստորագրված է։ Երկաթուղին կարող է կապել պետությունների շուկաները, իսկ քաղաքական համաձայնությունը պետք է ապահովի այդ կապի ապագան։ Հայաստանի համար պատմական հաջողությունը կլինի այն օրը, երբ առաջին շինարարական աշխատանքներին զուգահեռ արդեն կգործի խաղաղության ստորագրված պայմանագիրը։ 2031 թվականը խաղաղության համար չափազանց հեռու հորիզոն է։ Հայաստանը չի կարող ևս հինգ տարի խաղաղության հնարավորությունը թողնել անորոշության մեջ։



