ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 60 օր է հատկացրել՝ գնահատելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների և մաքսատուրքերի տնտեսական հետևանքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմին ժամանակ է անհրաժեշտ՝ առաջարկվող սահմանափակումներն ուսումնասիրելու և դրանց կիրառման օպտիմալ տարբերակը որոշելու համար։ Ռուբիոն նշել է, որ նախատեսվող միջոցները կարող են վերաբերել ոչ միայն Ռուսաստանին, այլև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանին՝ նրանց ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման միջոցով։ Պետքարտուղարի խոսքով՝ 60-օրյա ժամկետը Թրամփին հնարավորություն կտա գնահատել հնարավոր պատժամիջոցների և մաքսատուրքերի ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հենց ԱՄՆ տնտեսության վրա։



