BBC-ի վերլուծած արբանյակային լուսանկարներում Վոնսան քաղաքի ափերի մոտ նկատվել են Կիմ Չեն Ընի ընտանիքի հետ կապվող չորս շքեղ նավեր՝ 50-80 մետր երկարությամբ։ Դրանցից ամենամեծն ունի 50 մետրանոց լողավազան և ջրային սահուղիներ։ Նավերը բազմիցս հայտնվել են Կիմի՝ Վոնսանի առանձնատան մերձակայքում։ Փորձագետների և Հյուսիսային Կորեայից հեռացած նախկին պաշտոնյաների խոսքով՝ դրանք հավանաբար օգտագործվում են երկրի առաջնորդի և նրա ընտանիքի հանգստի համար։ Նավերի սեփականատերերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Մինչ երկրի ղեկավարությունը վայելում է շքեղ կյանքը, ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեայի բնակչության շուրջ 40 տոկոսը թերսնված է։ Երկրում սահմանափակված են նաև քաղաքացիների տեղաշարժն ու հանգստի հնարավորությունները։ BBC-ի հետ զրույցում Հյուսիսային Կորեայի նախկին պաշտոնյա Ռի Ջոն Հոն նշել է, որ մինչ Կիմ Չեն Ընն ունի չորս շքեղ նավ, երկրի սովորական բնակիչները դժվարանում են անգամ ամենօրյա սնունդ ապահովել։



