Տնկել ենք ավելի քան 75 միլիոն ծառ. ԱՄԷ-ի շրջակա միջավայրի նախարարի ելույթը COP17-ին

Հայաստանում անցկացված Կենսաբազմազանության վերաբերյալ առաջնորդների գագաթաժողովին մասնակցության ընթացքում ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Ամնա ալ-Դահակի ելույթից. ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար, Նորին Գերազանցություն դոկտոր Ամնա Բինթ Աբդուլլաh ալ-Դահակը հայտարարել է, որ ԱՄԷ-ն վճռականորեն առաջ է ընթանում բնության և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ՝ նպաստելով ազգային անվտանգության, հասարակության դիմադրողականության ու կայունության ամրապնդմանը: Նորին Գերազանցությունը հավելել է, որ էկոհամակարգերի պահպանումն ու վերականգնումը աջակցում են երկրի պարենային ու ջրային անվտանգությանը, պաշտպանում են բնական ռեսուրսները և բարձրացնում են ռիսկերին դիմագրավելու պատրաստվածությունը՝ այդպիսով կայուն զարգացման նախադրյալներ և կյանքի որակ ապահովելով ներկա և ապագա սերունդների համար։ Այս մասին ԱՄԷ նախարարը նշել է Երևանում Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) մեկնարկին ընդառաջ «Առաջնորդներ հանուն բնության» կարգախոսի ներքո անցկացված կենսաբազմազանության վերաբերյալ առաջնորդների գագաթաժողովի ընթացքում՝ ԱՄԷ-ի պաշտոնական հայտարարությունը հնչեցնելիս։ Նորին Գերազանցություն նախարարն ասել է. «ԱՄԷ-ում մենք շարունակում ենք բնության պահպանության մեր որդեգրած ուղին՝ երկրի նախագահ, Նորին Վսեմություն շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի աջակցությամբ և հանձնարարականներով: Լինելով անապատային և ջրի սակավությանը դիմակայող երկիր՝ մենք բնության պահպանությունը դիտարկում ենք որպես մեր ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս, քանի որ այն ապահովում է պարենային ու ջրային անվտանգությունը և ամրապնդում հանրության դիմակայունությունն ու կայունությունը»: Նախարարը նաև ընդգծել է, որ 2030 թվականի վերջնաժամկետի մոտենալը և հանձնառությունների կատարման բացթողումների առկայության մասին վկայող փաստերը պահանջում են արագացնել Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազմացանության գլոբալ շրջանակային ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները, ինչպես նաև մոբիլիզացնել համապատասխան ֆինանսավորում և կարողություններ ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Նա հավելել է, որ առաջիկա փուլը պահանջում է բնության պահպանության ներառումն այն որոշումների մեջ, որոնք սահմանում են զարգացման ուղիները, ռեսուրսների և ռիսկերի կառավարումը, ինչպես նաև կառավարությունների, բիզնես հատվածի ու հասարակության միջև համագործակցության ամրապնդումը: Նորին Գերազանցությունն անդրադարձել է այս ոլորտում ԱՄԷ-ի ունեցած ազգային առաջընթացին՝ ներկայացրելով «Կենսաբազմազանության ազգային ռազմավարություն 2031»-ի համապատասխանեցումը գլոբալ ձեւաչափին, Յոթերորդ ազգային զեկույցի ներկայացումը և պահպանվող տարածքների ցանցի ընդլայնումը, որոնք ծածկում են երկրի ընդհանուր տարածքի ավելի քան 19%-ը, ինչն էլ իր հերթին արտացոլում է ազգային քաղաքականությունների, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման ու վերահսկմանն ուղղված ջանքերի փոխկապակցվածությունը։ Նախարարը հավելել է. «Մենք վստահորեն շարժվում ենք մինչև 2030 թվականը 100 միլիոն մանգրենի ծառատեսակի տնկման նպատակի իրագործումը, ինչը հանդիսանում է բնահեն կլիմայական կարևորագույն լուծումներից մեկը, և արդեն իսկ հաջողությամբ տնկել ենք ավելի քան 75 միլիոն ծառ»: Այս ջանքերը նպաստում են ափամերձ էկոհամակարգերի պաշտպանությանը, կենսաբազմազանության պահպանմանը և ածխածնի կուտակմանը՝ մեծացնելով ափամերձ համայնքների դիմակայունությունը: Դոկտոր Ամնա ալ-Դահակը կոչ է արել, որպեսզի «Երևանյան հռչակագիրը» աջակցի երեք փոխկապակցված առաջնահերթությունների իրագործմանը, որոնցից առաջինը Կողմերի առաջնորդությամբ գործնական ուղու ձևավորումն է՝ մինչև 2030 թվականն իրականացումն արագացնելու և համաշխարհային վերանայման արդյունքում բացահայտված բացերը լրացնելու նպատակով։ Երկրորդը ներառում է բնության ինտեգրումը անվտանգության, ջրային և պարենային անվտանգության պլանավորման, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործընթացներում և կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության ու անապատացման դեմ պայքարի վերաբերյալ Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցության խորացում։ Երրորդ առաջնահերթությունը միջոցների և ռեսուրսների մոբիլիզացումն է, պետական և մասնավոր հատվածների գործընկերության ընդլայնումը, ինչպես նաև գիտնականների, երիտասարդների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցության խթանումը։ Այս մոտեցումը թույլ կտա կապել ֆինանսավորումը, գիտելիքն ու կարողությունները իրագործման անհրաժեշտությունների հետ, իսկ հանձնառությունները վերածել չափելի արդյունքների։ Միջազգային համագործակցության համատեքստում Նորին Գերազանցությունն ընդգծել է 2025 թվականին Աբու Դաբիում Բնության պաշպանության միջազգային միության կողմից Բնության պահպանության համաշխարհային համաժողովի հյուրընկալումը, որի կարևորագույն արդյունքներից էր «Աբու Դաբիի գործողության կոչը»՝ ուղղված բազմակողմ գործողությունների խթանմանը, գիտությունը, նորարարությունն ու ռեսուրսները բնության և կլիմայի համար մոբիլիզացնելն ու ուղղորդելը: Նա նաև մատնանշել է բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ «Բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ Աբու Դաբիի գործողության կոչի» միջոցով գործընկերների հետ համատեղ ԱՄԷ-ի գործադրած ջանքերը, որոնց մեկնարկը տրվել է 2026 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ համաժողովի շրջանակներում՝ ի նպաստ վտանգված տեսակների և էկոհամակարգերի պաշտպանությանն ուղղված միջազգային համատեղ գործողությունների: Նախարարն ասել է. «Շարունակելով միջազգային գործողություններում մեր ակտիվ դերը՝ սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ՄԱԿ-ի Ջրային համաժողովին, որը 2026 թ.-ի դեկտեմբերի 8-ից 10-ը ԱՄԷ-ն Սենեգալի հետ համատեղ կհյուրընկալի Աբու Դաբիում՝ նպատակ ունենալով ամրապնդել համաշխարհային ջրային անվտանգությունն ու կայունությունը և պաշտպանել էկոհամակարգերը»: Նա հավելել է, որ ջրային ռեսուրսների և դրանց սնուցող բնական համակարգերի պահպանությունը հանդիսանում է համագործակցության ընդլայնման և մարդու ու բնության համար լիարժեք օգուտների հասնելու հիմնարար ոլորտ: Նորին Գերազանցությունն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը գագաթնաժողովը հյուրընկալելու համար՝ ընդգծելով , որ ԱՄԷ-ն պատրաստակամ է աշխատելու բոլոր կողմերի հետ՝ ի նպաստ գագաթնաժողովի և COP17 համաժողովի հաջողության, ինչպես նաև բնության պահպանությանն ուղղված գործնական լուծումներ գտնելու, որոնք կամրապնդեն մարդկային անվտանգությունն ու կապահովեն սերունդների ապագան: Նախարարը մասնակցել է նաև «Քաղաքական հրամայական. բնության պահպանում՝ հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» խորագրի ներքո գումարված առաջնորդների կլոր սեղանին, որտեղ անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության կորստին և էկոհամակարգերի վատթարացմանը՝ որպես ռիսկերը բազմապատկող գործոնների, ինչպես նաև բնության դերին՝ դիմակայունության ամրապնդման և համագործակցության ու երկխոսության նոր հնարավորությունների ստեղծման գործում։ Նիստի ընթացքում նախարարը կարևորել է էկոհամակարգերի պաշտպանության և վերականգնման ներառումը ջրային ու պարենային անվտանգության պլանավորման և աղետների ռիսկերի կառավարման գործընթացներում՝ ներկայացնելով բնական հովիտների դերը ստորերկրյա ջրերի սնուցման և հեղեղումների ռիսկի նվազեցման գործում, Արաբական այծքաղի (օրիքսի) վերականգնման փորձը, ինչպես նաև՝ տեղական համայնքների աջակցության և բնապահպանական ու զարգացման օրակարգերի ինտեգրման կարևորությունը: Կենսաբազմազանության վերաբերյալ առաջնորդների գագաթնաժողովը հանդիսանում է հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կայանալիք COP17 համաժողովի աշխատանքների նախապատրաստաման առաջնորդական հարթակ։ Գագաթնաժողովին մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների առաջնորդներ, գիտնականներ, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմեր՝ քաղաքական առաջընթաց ապահովելու, հավակնություններն ամրապնդելու և համատեղ գործողությունները խթանելու նպատակով։ Համաժողովի շրջանակում առաջին անգամ կիրականացվի Կենսաբազմազանության վերաբերյալ Կունմին-Մոնրեալի համաշխարհային շրջանակի իրականացման ուղղությամբ հավաքական առաջընթացի համաշխարհային գնահատում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16253

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով