Բողոքի ցույցերը սպառնում են երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարին. Ալբանիայի վարչապետ

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հրաժարվել է հրաժարական տալ՝ հայտարարելով, որ արդեն վեց օր շարունակվող բողոքի ցույցերը սպառնում են ոչ թե իր կառավարությանը, այլ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ուսանողների գլխավորած ցույցերը սկսվել են կառավարության ենթադրյալ կոռուպցիայի, աշխատատեղերի պակասի և կրթության ցածր որակի դեմ դժգոհությունների ֆոնին։ Շարժումը տարածվել է Տիրանայից դեպի այլ քաղաքներ՝ վերածվելով ավելի լայն հակակառավարական բողոքի։ Կիրակի օրը հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կրթության նախարարության շենքի մոտ և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և ռետինե փամփուշտներով։ Ցուցարարները նաև հրկիզել են պետական շենքեր, հարձակվել բանկերի վրա և կոտրել խանութների ցուցափեղկեր։ «Ալբանացիները պետք է հստակ մտածեն՝ արդյոք նրանք ցանկանում են այս ամենը, թե՞ ուզում են անդամակցել Եվրամիությանը»,- հայտարարել է Ռաման՝ ուսանողներին երկխոսության հրավիրելով։ Նշենք, որ նա երկիրը ղեկավարում է 2013 թվականից և անցյալ տարի հաղթել է չորրորդ ժամկետի համար անցկացված ընտրություններում։ Եվրահանձնաժողովը դատապարտել է Տիրանայում և այլ քաղաքներում բռնությունների կիրառումը՝ միաժամանակ ողջունելով իշխանությունների պատրաստակամությունը՝ պաշտպանելու բողոքի խաղաղ արտահայտման իրավունքը։ Ոստիկանության տվյալներով՝ ցույցերի ընթացքում քրեական իրավախախտումների մեղադրանքով անցնում է 388 մարդ։ Տասնյակ ոստիկաններ և ցուցարարներ վիրավորվել են։ Ալբանիան նպատակ ունի Եվրամիությանն անդամակցել մինչև 2030 թվականը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16108

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով