ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին: Ըստ այդմ՝ իրականացվել են բուհերի խոշորացման հայեցակարգի մշակման, կարիքների գնահատման աշխատանքներ, համագործակցություն է ծավալվել միջազգային հեղինակավոր բուհերի հետ առանձին կլաստերների շուրջ, որոշումներ են կայացվել հանրության գերակա շահի ուղղությամբ։ Գլխավոր հատակագծի, քաղաքաշինական զարգացման շրջանակի մշակման և գլխավոր հատակագծի տեղայնացման աշխատանքներն ավարտված են: ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև նախագծի ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի գնահատման և իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման հիմնական փուլերին առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի ճշգրիտ բովանդակությամբ, հստակ ճանապարհային քարտեզով և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին՝ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16114

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով