ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության պատգամավոր Անժելիկա Գլազկովան օրենսդիր մարմնի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է Վոլգոգրադ և Սանկտ Պետերբուրգ քաղաքները վերանվանել համապատասխանաբար Ստալինգրադ և Լենինգրադ։ Նախաձեռնությամբ նախատեսվում է նաև օրենքով ամրագրել «Հերոս քաղաք» կոչում ունեցող քաղաքների կարգավիճակը և արգելել դրանց վերանվանումը։ Հեղինակի խոսքով՝ երկու քաղաքներն էլ այդ կոչումն ստացել են 1945 թվականի մայիսի 1-ին՝ Իոսիֆ Ստալինի հրամանով։ Օրինագիծը նախատեսում է նաև «Հերոս քաղաք» կոչում շնորհելու կարգ, այդ քաղաքներում խորհրդային պարգևների պատկերներով հուշակոթողների տեղադրում և ամեն տարի մայիսի 9-ին ռազմական շքերթների ու հանդիսավոր միջոցառումների անցկացում։



