Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան վետերանների միավորման 70-ամյակին, խոսել է հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր պատմության, համատեղ հաղթանակների և Բաղրամյանի միավորող կերպարի մասին։ Նա ընդգծել է նաև հայ-ռուսական հարաբերություններում փոխըմբռնման և նոր հավասարակշռության անհրաժեշտությունը։ Սակայն դեսպանի պատմական հիշեցումը մի անհարմար հարց է առաջացնում. ի՞նչ արժեք ունի ընդհանուր հաղթանակների հիշողությունը, երբ այդ հաղթանակների հայ հերոսների հուշարձաններն ավերվում են Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Ադրբեջանում։ Դիվանագիտական առումով՝ հասկանալի հայտարարություն։ Պատմական առումով՝ խիստ անհարմար։ Մարշալ Բաղրամյանի անունը հիշատակելուց առաջ Ռուսաստանի դեսպանին արժեր հետաքրքրվել նրա հուշարձանների ճակատագրով։ Խորհրդային Միության կրկնակի հերոս Բաղրամյանի կիսանդրին ոչնչացվել է Կիրովաբադում, արձանը՝ Ստեփանակերտում։ Շուշիում ավերվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրին։ Ստեփանակերտից վերացել է նաև խորհրդային նավատորմի նշանավոր ծովակալ Հովհաննես Իսակովի հուշարձանը։ Երեք անուն, որոնք խորհրդային ռազմական պատմության անբաժանելի մասն են։ Երեք հայ, որոնց ռազմական վաստակով տասնամյակներ շարունակ հպարտացել է նաև Մոսկվան։ Այսօր նրանց հիշատակը ջնջվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Ադրբեջանում։ Կրեմլի քաղաքական օրակարգում այդ հանգամանքը, ըստ երևույթին, առանձնապես ծանրակշիռ տեղ չունի։ Իսկ գուցե Բաղրամյանի և Ստեփանյանի ավերված հուշարձանների հանդեպ լռությո՞ւնն է այսօր միավորում Մոսկվային ու Բաքվին։ Արցախի պատմությունն այս առումով հատկապես խոսուն է։ ԼՂԻՄ-ի շուրջ 130 հազար բնակչից Հայրենական մեծ պատերազմին զորակոչվել է 44 հազարը, որոնցից 22 հազարը չի վերադարձել։ Փոքրիկ Արցախը ռազմաճակատ է ուղարկել իր բնակչության գրեթե մեկ երրորդին և կորցրել յուրաքանչյուր երկրորդ զինվորին։ Խորհրդային հաղթանակի պատմության մեջ արցախահայության ներդրումը չափվում է մարդկային այս ահռելի զոհողությամբ։ Այդ պատմությունը ջնջելու յուրաքանչյուր փորձ հարված է նաև այն ընդհանուր հաղթանակին, որի մասին այսօր հիշեցնում է Ռուսաստանի դեսպանը։ Այդ զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրները սերունդների հավաքական հիշողությունն էին։ Այսօր դրանցից շատերն ավերված են։ Հուշարձանների ոչնչացումը շարունակվել է նաև 2023 թվականի հայաթափումից հետո։ Արցախում ջնջվում է նաև այն պատմությունը, որը Մոսկվան հանդիսավորությամբ ներկայացնում է իբրև հայ և ռուս ժողովուրդների հավերժական միասնության վկայություն։ Այստեղ է Կոպիրկինի հայտարարության գլխավոր հակասությունը։ Մոսկվան շարունակում է վկայակոչել ընդհանուր պատմությունը՝ դրանով հիմնավորելով Հայաստանի նկատմամբ իր քաղաքական ակնկալիքները, սակայն լռում է Ադրբեջանում այդ նույն պատմության հետքերի ոչնչացման մասին։ Պատմական հիշողությունը չի կարող պահանջել միայն հայերի հավատարմությունը՝ Ռուսաստանին ազատելով սեփական պատասխանատվությունից։ Պատմությունը չի կարող հավերժական պարտավորագիր լինել մեկ ժողովրդի համար և ընտրովի հիշողություն՝ մյուսի։ Մոսկվան տարիներ շարունակ հայ-ռուսական հարաբերությունները ներկայացրել է պատմական եղբայրության, ընդհանուր հաղթանակների և փոխադարձ հավատարմության լեզվով։ Այդ ամբողջ հռետորաբանությունը վերջնական քննություն հանձնեց 2023 թվականի սեպտեմբերին։ Ռուսաստանի խաղաղապահների ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը հարկադրված լքեց հայրենիքը։ Մոսկվան չկարողացավ ապահովել իր իսկ ստանձնած առաքելության հիմնական նպատակը՝ բնակչության անվտանգությունը։ Արցախի հայաթափումից հետո պատմական եղբայրության մասին հավաստիացումներն այլևս չեն կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը։ Հայ-ռուսական հարաբերություններն իսկապես նոր հավասարակշռության կարիք ունեն։ Կոպիրկինն այս հարցում իրավացի է։ Սակայն դրա հիմքում պետք է լինեն երկու պետությունների շահերի համադրելիությունը, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և փոխադարձ պարտավորությունների կատարումը։ Հայաստանն իր անվտանգության համակարգը վերանայելու, արտաքին տնտեսական կապերն ընդլայնելու, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնելու լիարժեք իրավունք ունի։ Մոսկվայի հետ համագործակցության ապագան մեծապես կախված է այս իրողությունների ընդունումից։ Նախկին ազդեցությունը վերականգնելու հաշվարկներով նոր հարաբերություններ կառուցել հնարավոր չէ։ Արցախի հայաթափումը փոխել է նաև հայ հասարակության վերաբերմունքը պատմական դաշնակցությանը։ Ընդհանուր անցյալի հանդեպ հարգանքը պահպանվում է, սակայն Հայաստանի անվտանգությունն այլևս չի կարող հենվել պատմական երախտագիտության և եղբայրության խոստումների վրա։ Պետության ապագան պահանջում է հստակ շահեր, իրական երաշխիքներ և ինքնուրույն որոշումներ։ Մարշալ Բաղրամյանի հիշատակի հանդեպ հարգանքը Մոսկվան կարող է հաստատել միանգամայն կոնկրետ քայլով՝ հրապարակային գնահատական տալ Ստեփանակերտում նրա արձանի ոչնչացմանը։ Արցախի հայաթափմամբ ավարտվեց պատմական զգացմունքների վրա կառուցված հայ-ռուսական հարաբերությունների դարաշրջանը։ Նոր հարաբերությունները պետք է կառուցվեն պետական շահի, փոխադարձ հարգանքի և պատասխանատվության վրա։ Իսկ Բաղրամյանի ավերված արձանի առջև Մոսկվայի լռությունը լավագույնս ցույց է տալիս, թե այսօր որքան արժեն ընդհանուր պատմության մասին նրա հանդիսավոր խոսքերը։ Լուսանկարում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը Ստեփանակերտում՝ մինչև դրա ոչնչացումը։



