Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների ընդլայնված ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ հատկապես առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտներում։ Ղազախստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական զարգացումը, ապրանքաշրջանառության ավելացման և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։ Տլեուբերդին նշել է ամերիկյան ներդրումների ու առաջադեմ տեխնոլոգիաների ներգրավման, ինչպես նաև էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի, թվայնացման, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձել են նաև 2025 թվականի նոյեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ռուբիոն հաստատել է Ղազախստան պաշտոնական այց կատարելու իր մտադրությունը՝ G20 գագաթնաժողովից հետո։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և գործնական արդյունքներ ապահովելու պատրաստակամությունը։



