Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 19-ին հակակառավարական ցույցերի մասնակիցների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» և հրատեխնիկական միջոցներ է նետել, իսկ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Ինչպես տեղեկացնում է ալբանական Shqiptarja.com լրատվամիջոցի դեպքի վայրից հաղորդումները, բախումները շարունակվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ցուցարարները նաև հրկիզել են աղբամաններ՝ դրանցով փակելով փողոցները։ Բողոքի ցույցերը շարունակվում են յոթերորդ օրը։ Մասնակիցների հիմնական պահանջը կառավարության և վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն է։ Ցույցեր և երթեր են անցկացվել նաև Լեժայում, Վլյորայում, Էլբասանում ու Շկոդերում։ Դպրոցականների և ուսանողների մի մասը բոյկոտել է դասերը։ Օրվա ընթացքում ցուցարարների մի խումբ ներխուժել է Տիրանայի վերաքննիչ դատարանի շենք՝ կոտրելով ապակիներն ու վնասելով մուտքը։ Այդ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է հինգ անձ, այդ թվում՝ մեկ անչափահաս, ևս 15-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։



