Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նրանք քննարկել են բալիստիկ հրթիռները որսալու միջոցների, Ռուսաստանի հրթիռային հարձակումների մասին վաղ նախազգուշացման և Starlink/Starshield համակարգերի աշխատանքի վերականգնման հարցերը։ «Խոսեցի Մարկո Ռուբիոյի հետ, անդրադարձանք ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացնող համակարգերին, ինչպես Starlink/Starshield-ի հետ կապված իրավիճակին, որը պետք է վերականգնվի»,- ասել է Զելենսկին։ Զելենսկին նշել է, որ քննարկումն անցկացվել է պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերի և մարդկանց սպանությունները կանխելու անհրաժեշտության համատեքստում։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում կրկին կապ հաստատել՝ իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ փոխանակելու համար։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին կառուցողական զրույցի համար։



