Հարավային Կովկասում աստիճանաբար ավարտվում է Ռուսաստանի գերիշխանության դարաշրջանը, և ձևավորվում է տարածաշրջանային ուժերի նոր դասավորություն։ Տասնամյակներ շարունակ Մոսկվան տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն օգտագործել է որպես Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցության կարևորագույն լծակ։ Այսօր այդ համակարգը վերանայման առջև է։ Հայաստանի տարածքով նախատեսվող TRIPP-ը տարածաշրջան է բերում ամերիկյան երկարաժամկետ տնտեսական ներկայություն՝ փոխելով առևտրի, հաղորդակցությունների և քաղաքական ազդեցության ավանդական տրամաբանությունը։ Թուրքական Ortadoğu Haber պարբերականի ծավալուն վերլուծությունն ուշագրավ է հենց այս տեսանկյունից։ Հեղինակը TRIPP-ը դիտարկում է Հարավային Կովկասում տնտեսական և ռազմավարական ազդեցության վերաբաշխման համատեքստում՝ անդրադառնալով Հայաստանի ռուսական կախվածությանը, Գյումրիի 102-րդ ռազմակայանին և ամերիկյան նախագծի նկատմամբ Մոսկվայի ու Թեհրանի մտահոգություններին։ Այս գնահատականները վկայում են տարածաշրջանում Հայաստանի դերի նկատմամբ փոխվող վերաբերմունքի մասին։ Հայաստանը աստիճանաբար դառնում է Հարավային Կովկասի տնտեսական և քաղաքական նոր հարաբերությունների ձևավորման առանցքային մասնակից։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը պահպանեց Հարավային Կովկասում իր գերակայությունն ապահովող ռազմական, տնտեսական և քաղաքական լծակները։ Հայաստանը խորհրդային անցյալից ժառանգեց ռազմական, էներգետիկ և տնտեսական խոր կախվածություն Ռուսաստանից։ Անվտանգության երաշխիքների դիմաց Մոսկվան աստիճանաբար վերահսկողություն հաստատեց երկրի ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ՝ ամրապնդելով իր ազդեցությունը Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա։ 2020 թվականի պատերազմը, 2021–2022 թվականների ադրբեջանական ներխուժումները և 2023 թվականի արցախյան ողբերգությունը խարխլեցին այդ հարաբերությունների հիմքերը։ Հայաստանը կորցրեց Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի նկատմամբ վստահությունը, սակայն Մոսկվան պահպանեց տնտեսական ու ռազմական ազդեցության բազմաթիվ գործիքներ։ TRIPP-ը հնարավորություն է տալիս փոխելու այդ իրողությունը։ Հայ-ամերիկյան պաշտոնական շրջանակային համաձայնագրով նախատեսվում է ստեղծել համատեղ ընկերություն՝ ամերիկյան կողմի 74 և Հայաստանի 26 տոկոս նախնական մասնակցությամբ։ Նախագծի իրականացման ամբողջ տարածքի նկատմամբ պահպանվում են Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանային և մաքսային վերահսկողությունը։ Այս թվերի քաղաքական բովանդակությունը բաժնետոմսերի հարաբերակցությունից շատ ավելի լայն է։ Ամերիկյան պետական կապիտալի երկարաժամկետ մասնակցությունը Հայաստանի ենթակառուցվածքներին Վաշինգտոնի համար ստեղծում է տնտեսական և ռազմավարական շահ, իսկ միջազգային հարաբերություններում կայուն շահը հաճախ ավելի գործուն երաշխիք է, քան վերամբարձ հայտարարությունները։ Հայաստանն այսօր բացառիկ հնարավորություն ունի իր աշխարհագրական դիրքը դարձնելու տնտեսական զարգացման, միջազգային ազդեցության և ինքնիշխանության ամրապնդման հենարան։ Մոսկվայի հնարավոր կորուստները հասկանալի են։ Տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ ռուսական ազդեցության թուլացումը սահմանափակելու է Հայաստանի որոշումների վրա ճնշում գործադրելու հնարավորությունները։ Թեհրանի մտահոգություններն այլ բնույթ ունեն։ Իրանը զգայուն է իր հյուսիսային սահմանների հարևանությամբ ամերիկյան երկարաժամկետ ներկայության նկատմամբ։ Հայաստանի խնդիրը հետևողական դիվանագիտությամբ այդ մտահոգությունները կառավարելն ու հայ-իրանական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը պահպանելն է։ Այստեղ էական է նաև Անկարայի դիրքորոշումը։ TRIPP-ի հաջողությունը Թուրքիային կապելու է Կասպից ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի տնտեսական տարածության հետ։ Հայաստանի միջոցով ձևավորվող նոր հաղորդակցությունները կարող են նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանային փոխկախվածության նոր համակարգի ստեղծմանը։ Սակայն այս հնարավորության իրական արժեքը կախված է այն Հայաստանի երկարաժամկետ շահերին ծառայեցնելու կարողությունից։ Ամերիկյան մասնակցությունը պետք է վերածվի Հայաստանի տնտեսության իրական կարողությունների՝ աշխատատեղերի, լոգիստիկ կենտրոնների, արտադրության, էներգետիկ ու թվային ենթակառուցվածքների։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև Հայաստանի երկաթուղային համակարգի նկատմամբ լիարժեք քաղաքական և տնտեսական վերահսկողության վերականգնումը։ Նոր հաղորդակցային քաղաքականությունը դժվար է իրականացնել հին կախվածությունների պահպանման պայմաններում։ Հայաստանի առջև պատմական հնարավորություն է՝ դառնալու Եվրասիայի տնտեսական նոր կապերի կարևոր մասնակից և սեփական աշխարհագրական դիրքը վերածելու քաղաքական ու տնտեսական առավելության։ TRIPP-ի հաջողությունը չափվելու է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմամբ, տնտեսական նոր հնարավորություններով և արտաքին կախվածության նվազեցմամբ։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի աշխարհագրական դիրքը ծառայել է ուրիշների ռազմավարական շահերին։ Այժմ հնարավորություն ունենք այն ծառայեցնելու մեր սեփական պետության հզորացմանը։ Պատմությունը հազվադեպ է նման հնարավորություն ընձեռում։ Հայաստանը հերթականը կորցնելու իրավունք չունի։



