Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինան չի բացառում ՆԱՏՕ-ին այլընտրանքային անվտանգության ձևաչափի հնարավորությունը, սակայն պնդում է, որ լինեն իրավաբանորեն պարտադիր երաշխիքներ, որոնք իրականում արդյունավետ կլինեն։ Այս մասին նա հայտնել է իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։ Զելենսկու խոսքով՝ անվտանգության համակարգի լավագույն տարբերակը ենթադրում է երեք բաղադրիչների համադրություն՝ ուկրաինական բանակ, Եվրամիություն և ՆԱՏՕ։ Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականներն արդեն իսկ երկրի պաշտպանության կոնկրետ երաշխիք են. իրենց փորձի և անձնակազմի թվաքանակի շնորհիվ նրանք կարող են ուժեղացնել եվրոպական երկրների զինված ուժերը։ Զելենսկին ՆԱՏՕ-ին առանձին դեր է հատկացնում։ Նրա խոսքով՝ դաշինքին անդամակցությունը կնշանակեր մասնակցություն անվտանգության միասնական համակարգին, որտեղ դաշնակիցների իրավունքները սահմանված կլինեին իրավաբանորեն։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դիտարկել անվտանգության երաշխիքների այլընտրանքային տարբերակներ, եթե դրանք համարժեք լինեն ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Կիևի հիմնական պահանջն այն է, որ այդ պայմանավորվածություններն ունենան համապատասխան իրավական ուժ։ «Մենք պատրաստ ենք քննարկել համարժեք երաշխիքներ, թեկուզ այլ անվան տակ, սակայն դրանք պետք է ունենան նույն իրավական ուժը», – նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է ստանալ ոչ թե գործընկերների զուտ ձևական խոստումները, այլ իրականում գործող մեխանիզմ, որը նոր սպառնալիքի դեպքում կապահովի երկրի պաշտպանությունը։ Զելենսկու խոսքով՝ եթե Ուկրաինային առաջարկվի անվտանգության երաշխիքների այլ ձևաչափ, այն պետք է ապահովի անվտանգության համադրելի մակարդակ։ Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16206

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով