ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Հնդկաստան՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այդ երկրի նկատմամբ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը հետաձգելուց մի քանի օր անց։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հնդկաստանի արևմտյան Մումբայ և Ջամնագար քաղաքներ երկօրյա այցի ընթացքում Ռուբիոն նախատեսում է հանդիպել կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Նրանց թվում են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը և միլիարդատեր Մուկեշ Ամբանին՝ աշխարհում խոշորագույն նավթավերամշակման համալիրներից մեկը շահագործող Reliance Industries ընկերության նախագահը։ Ռուբիոն ժամանել է երկրի ֆինանսական կենտրոն՝ Մումբայ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ջայշանկարի հետ։ Վերջին օրերին Ռուբիոն և այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ երկու երկրի միջև համապարփակ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են։ Ըստ Reuters-ի՝ սա մեծացնում է հավանականությունը, որ համաձայնագիրը կստորագրվի հենց նրա այցի ընթացքում։



